Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նախօրեին լրագրողներից չէր թաքցրել, որ Ռուսաստանում տեղի ունեցող տնտեսական պրոցեսները, հատկապես ուկրաինական ճգնաժամի շարունակականության արդյունքում, մտահոգիչ են Հայաստանի համար: Սակայն Ավանեսյանը չէր նշել, թե ինչ պետք է անի Հայաստանը, այդ մտահոգիչ երևույթները կանխարգելելու համար:
Ըստ էության, Հայաստանի տնտեսության վիճակը մտահոգիչ է անկախ ռուսական կամ ուկրաինական որևէ զարգացումից: Այստեղ խոսքը կարող է գնալ երևի թե վատի ու վատթարի մասին: Եթե զարգացումները բացասական լինեն, ապա իրավիճակը կլինի վատթար, իսկ եթե չլինեն կամ չլինեին այդ զարգացումները, ապա առավելագույն մեղմ տարբերակը Հայաստանի տնտեսության համար շարունակում է մնալ վատը: Վատը, որովհետև Հայաստանում շարունակվում է ծայրահեղ ապարդյուն տնտեսական քաղաքականությունը, որի հետևանքով քաղաքացիները, նոր հնարավորությունների փոխարեն, ըստ էության, ստանում են պարզապես դժգոհության և բողոքների նոր առիթներ:
Հայաստանի տնտեսական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները դարձել են հենց նման բողոքի ակցիաները, իսկ այսպես ասած ներդրումային ծրագրերի մասին՝ միայն խոսակցություններ… Ըստ որում, այստեղ էլ թվերի մանիպուլյացիոն կիրառման հավանականությունն է ավելի մեծ, որովհետև Հայաստանում, ըստ էության, ժամանակն է անցնել խիստ հստակ և առարկայական չափանիշների՝ ինչքան աշխատատեղ է ստեղծվելու այս կամ այն ներդրման արդյունքում, և բնակչության որ շերտերի եկամուտները ինչքան են ավելանալու: Հակառակ դեպքում, Ռոսնեվտը 500 միլիոն ներդրում կանի, մյուսը այսքան կանի, մեկ ուրիշը՝ այսքան միլիոն, այնքան տասնյակ միլիոն և այլն:
Հայաստանին հարկավոր են աշխատատեղեր, շատ, տասնյակ հազարավոր աշխատատեղեր առնվազն: Եվ եթե իշխանությունը որևէ վիճակագրական զրույց է ունենում քաղաքացիների հետ, ապա պետք է պատասխանի այդ հարցին՝ մոտակա ամսում, եռամսյակում, կիսամյակում կամ տարում քանի աշխատատեղ է ապահովվելու Հայաստանում և ինչ չափի աշխատավարձով: Այլապես մեկը կարող է Հայաստանում գալ ու, ինչպես Իշխան Զաքարյանն էր հայտարարում, թե իր դղյակը ներդրում է, այդպիսի ներդրումներ անել այլոց դղյակների տեսքով, որից Հայաստանի տնտեսությանը և քաղաքացիներին ոչինչ բաժին չի հասնում, ոչ մի հեռանկարային բան չի մնում տնտեսությանը, որը գեներատիվ էֆեկտի շնորհիվ կբերեր զգալի առաջընթացի:
Եվ այս իմաստով, Հայաստանում տնտեսական անելիքները պարզ են՝ անկախ արտաքին գործոններից: Դրանցից կարևորի մասին օրեր առաջ Տիգրան Սարգսյանն էր հայտարարել՝ հավասար մրցակցային դաշտ: Եթե երկրում չկա սեփականության պաշտպանության ինստիտուտ, եթե բիզնեսը պայմանավորված է քաղաքական լոյալությամբ, եթե օլիգարխներն են իրենց ախորժակի չափով որոշում տնտեսության պարամետրերը, եթե դատարանը վերածվել է օլիգարխներին սպասարկող գրասենյակի, ապա խոսել տնտեսության դիմադրողականության մասին, նույն է թե խոսել փետուրներով օդանավ թռցնելու մասին: Այսինքն՝ կան նվազագույն հիմնարար անելիքներ, առանց որոնց անհնար է մտածել արտաքին բացասական ազդակների դեպքում կանխարգելիչ միջոցների մասին:
Օդում ոչինչ չի կանխարգելվում, պետք է լինի հող, որի վրա կկառուցվեն կանխարգելիչ մեխանիզմները: Հայաստանում այդ հողը չկա, այդ հողը շարունակում է մնալ բացառապես իշխանության և դրա հետ տարատեսակ գործարքների գնացող խմբերի ոտքերի տակ:
Լուսանկարը՝ PAN Photo-ի









































