Բրիտանական British Petroleum (ВР) կորպորացիան դադարեցնում է Լիբիայում իր խոշորագույն նավթագազային նախագծի բոլոր աշխատանքները՝ իր աշխատակիցների անվտանգության աճող սպառնալիքների պատճառով: Այս մասին ասվում է էներգետիկ խմբի ղեկավարության հայտարարության մեջ՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Խոսքը Լիբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Գադամես» հանքում հետախուզական հորատման մասին է: Ընկերությունը հետագա աշխատանքների իրականացումը համարում է չափազանց ռիսկային: «Ներկայում մենք շարունակում ենք ուսումնասիրել Լիբիայում մեր հետագա տնտեսական գործունեության իրականացման հնարավորությունները»,- ասվում է փաստաթղթում:
ВР-ն հանքի մշակման պայմանագիրը կնքել էր 2007 թվականին: Հորատման աշխատանքները պետք է սկսվեին դեռևս 2011-ին, սակայն Քադաֆիի ռեժիմի տապալման հետ կապված քաղաքական ցնցումները խոչընդոտեցին ծրագրերին:
Երկարամսյա խորհրդակցություններից հետո ընկերության ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ խումբը պետք է դուրս գա նախագծից արդյունահանման շրջանում անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով: