Առաջին անգամ չէ, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերից հնչում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գովքը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը` խոսելով մարտի 1-ին ՀԱԿ նախաձեռնած հանրահավաքի ժամանակ առաջին նախագահի ելույթի մասին: Համբարյանի խոսքով` դեռ շարունակություն սպասելը դժվար է, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը հենց իր ելույթի սկզբից զգուշացրեց` Հայաստանը ո՛չ Ուկրաինա է, ոչ էլ որևէ այլ երկիր, քանի որ գտնվում է շատ սպեցիֆիկ տարածաշրջանում` շրջապատված է թշնամիներով:
«Ամեն մի թեթև խժդժություն Հայաստանում կարող է բերել նրան, որ կոնկրետ մեր արևելյան հարևանը դրանից կարող է առիթավորվել և հարձակում գործել ԼՂ կամ Հայաստանի սահմանակից շրջանների վրա, այնպես որ շարունակություն սպասելը բավական բարդ է, այսինքն` դասական հեղափոխություն Հայաստանում սպասելը բարդ է:
Տեր-Պետրոսյանը նաև անընդհատ նշում է, որ Հայաստանում իշխանափոխությունը պետք տեղի ունենա դեմոկրատիայի և օրենքի սահմաններում. սա նախատեսում է, որ իշխանափոխության կարելի է սպասել ընտրությունների ժամանակ: Եթե ընդդիմությունը հասնի հաջողության, ինչպես դա եղավ Վրաստանի պարագայում, բայց այստեղ խնդիրը հետևյալն է. մեր իշխանությունները, այսինքն` այն կուսակցությունը, որ իր ձեռքում է պահում լիակատար իշխանությունը, երևի թե մտադրություններ չունի դեմոկրատական ուղիով «զիջելու» իշխանությունը»,- ասաց նա:
Համբարյանի խոսքով` Հայաստանն այն յուրահատուկ երկրներից է, որտեղ հենց նույն իշխանությունների հավաստմամբ և համոզմամբ՝ բնակչության մեծ մասը դժգոհ է իրենցից, բայց, միևնույն ժամանակ, իրենք իշխանության գլխին են կանգնած և այն էլ` շատ ամուր: Սա է խնդիրը մեր պարագայում, այնպես որ, սպասել ավելին մարտի 1-ի հանրահավաքից հետո, մի քիչ բարդ է:
Քաղաքագետի կարծիքով` պետք է տեսնել, թե ինչ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում կոնկրետ նախկին ԽՍՀՄ երկրներում, քանի որ դրանից էլ է կախված շատ բան, սակայն հիմա մեր ստրատեգիական գործընկերոջ` Ռուսաստանի ուշադրությունն ավելի շատ սևեռված է Ուկրաինայի վրա, և Ուկրաինայում սպասվող իրադարձությունների արդյունքում նոր կերևա, թե Հայաստանում ինչ քաղաքական գործընթացներ են սպասվում:
«Ուկրաինան Հայաստան չէ, ճիշտ է, և մենք էլ բավական հեռու ենք, բայց, միևնույն ժամանակ, չպետք է մոռանանք, որ Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության վրա շատ մեծ ազդեցություն ունի Ռուսաստանը, իսկ այս պարագայում մենք պետք է տեսնենք, թե ինչ արդյունքի կհասնի ռուսական` ռուսաստանյան քաղաքականությունն Ուկրաինայում, դրանից հետո կերևա` ինչպիսի գործընթացներ տեղի կունենան նաև Հայաստանում, քանի որ Ռուսաստանի պարտությունը Ուկրաինայում կարող է նաև շատ խոշոր տեղաշարժեր առաջացնել մեր տարածաշրջանում` թեկուզ Հայաստանի վերաբերյալ արտաքին քաղաքականության պահով, այնպես որ մենք պետք է ավելի զգույշ լինենք:
Ես համաձայն եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որ մեր երկրում տեղի ունեցող ամեն քաղաքական գործընթաց նույն րոպեին առիթ է տալիս Ադրբեջանին` իր ագրեսիվ քաղաքականությունը ի ցույց դնելու ՀՀ և ԼՂՀ առումով»,- ասաց նա, շեշտելով` չպետք է մոռանալ, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո նույն ադրբեջանական զորքերը դիվերսիա կազմակերպեցին Մարտակերտի շրջանում:
Այսուհանդերձ, ըստ Համբարյանի, իշխանություններն էլ չպետք է առիթավորվեն դրանից և չպետք է անընդհատ իրենց հույսը դնեն, որ ժողովուրդը կարող է խոհեմ ու ներողամիտ լինել մինչև վերջ, չելնել ոտքի և չպայքարել իրենց իրավունքների համար, որոնք վերջին տարիներին բավական խախտվում են, իսկ ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակն աստիճանաբար վատանում է, ինչը բավական մեծ խնդիր է իշխանությունների համար:
Քաղաքագետը նշում է, որ հայ ժողովուրդն ընտրել է պայքարի ամենասարսափելի ձևը, որն ուղղակիորեն շատ մեծ վնաս կհասցնի Հայաստանին. ժողովուրդը չի պայքարում դասական պայքարի մեթոդով` հանրահավաքներով, գործադուլներով, դասադուլ-հացադուլներով, այլ հեռանում է երկրից, որն ավելի մեծ վտանգ է պարունակում, քան պայքարը:
«Ընդհանրապես, ընդդիմադիրների միավորումը բավական բարդ գործընթաց է: Պրակտիկան ցույց է տալիս, որ միավորումից հետո բավական կարճ ժամանակով տեղի է ունենում փլուզում. երբ նրանք միավորվում են, արդյունքի հասնում, հետագայում ամեն մեկն իր ճանապարհով է գնում: Սրա վառ օրինակը Վրաստանում վարդերի հեղափոխությունն է, դրան հաջորդած տարիները, թե Վրաստանում ինչեր տեղի ունեցան ընդդիմադիրների միջև, որոնք եկան իշխանության:
Խնդիրը հետևյալն է. մեր ընդդիմությունը մինչև հիմա երբևիցե չի միավորվել, միավորման փորձ եղել է 1996 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ` շատ կարճատև, որը ձախողվեց նույն Տեր-Պետրոսյանի կողմից, այսինքն` Վազգեն Մանուկյանի շուրջ միավորված ընդդիմադիր ուժերը կարողացան շատ կարճատև հաջողության հասնել, բայց դա նույն րոպեին ճնշվեց իշխանության կողմից: Դրանից հետո մենք ընդդիմության միավորման փորձեր երբևիցե չենք ունեցել: Նույն ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները միշտ իրենց պատկերացնում են, որ ամենալավն իրենք են, Նապոլեոն Բոնապարտներն են և այլն, դրա համար հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը մեսիջ ուղարկեց, որ ընդդիմությունը կարող է միավորվել Գագիկ Ծառուկյանի շուրջ»,- ասաց նա:
Համբարյանը նկատեց` Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ փակ ժողովի ժամանակ բավական քննադատության է ենթարկել իշխանություններին, բայց այստեղ խնդիրը հետևյալն է. Գագիկ Ծառուկյանը երբեք չի ասում, որ ինքն ընդդիմություն է, նա մինչև հիմա իրեն հռչակում է երրորդ ուժ, ուստի հարց է առաջանում` իսկ Գագիկ Ծառուկյանը համաձա՞յն է դառնալ ընդդիմության առաջնորդ. մարդ, որն ունի ահռելի քանակության բիզնեսներ, մարդ, որ բիզնեսներն առաջ է տանում Հայաստանի նման մոնոպոլիաների երկրում, իհարկե չի կարող, որպես այդպիսին, ընդդիմադիր դիրքերից խոսել, նա նույն րոպեին կենթարկվի իշխանության կողմից «վրաերթի»: Ըստ Համբարյանի` առաջին «վրաերթն» արդեն տեղի է ունեցել, երբ մի քանի օր առաջ անջատեցին «Արարատցեմենտ» գործարանի ջուրը, սա ճնշման տարբերակներից մեկն է:
Ծառուկյանը, քաղաքագետի խոսքով, դեռ պետք է նշի, որ ինքն ընդդիմություն է և համաձայն է ստանձնել ընդդիմության առաջնորդի «պաշտոնը», դրանից հետո ընդդիմադիր դաշտի 95 տոկոսը կմիանա նրան: «Բայց արդյոք նա հասմաձա՞յն է դառնալ ընդդիմության առաջնորդ: Ես մինչև հիմա չեմ իմացել, որ ԲՀԿ-ն հայտարարի, թե ինքն ընդդիմադիր է: Նա ասում է, որ երրորդ ուժ է: Այլ բան է, որ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը քննադատության են ենթարկում գործող իշխանությունների գործունեությունը, բայց խոսելը մի բան է, կոնկրետ քայլեր ձեռնարկելը` այլ: Երբ կոնկրետ Ծառուկյանը կամ նրա պատասխանատուները կպատասխանեն հարցին` պատրա՞ստ է ԲՀԿ առաջնորդը դառնալ ընդդիմության ղեկավար, այդ ժամանակ կարելի է մտածել` Տեր-Պետրոսյանի «մեսիջը»` թե՛ Ծառուկյանին, թե՛ ժողովրդին, ինչպիսի պատասխանի կարժանանա»,- ասաց նա:
Համբարյանի համար զարմանալի չէ, որ նախկինում միմյանց հակառակորդ ուժերը կարող են համագործակցել. սա քաղաքականություն է, այստեղ գործում է «ճիպոտի ու մեղրաբլիթի» քաղաքականությունը. մի կողմից ճիպոտում են, մյուս կողմից մեղրաբլիթ տալիս: Քաղաքականության մեջ, ըստ վերլուծաբանի, ամեն ինչն ընդունելի է. մենք տեսնում ենք քաղաքականության մեջ մարդկանց, որ ժամանակին նույն Սերժ Սարգսյանին մեղադրում էին սպանություններ կազմակերպելու համար, նրա հասցեին ամենավերջին հայհոյանքներ, վիրավորանքներ տեղում, և հիմա այդ մարդիկ ԱԺ-ում ներկայացնում են ՀՀԿ խմբակցությունը, պատգամավոր են, այնպես որ դա թույլ չի տալիս ասել, թե Լևոն Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ համագործակցությանը խոչընդոտող հանգամանքներ կան:
Հարցին` ստեղծված իրավիճակում ինչ դեր է վերապահվում ԱԺ ոչ իշխանական մյուս երկու խմբակցություններին, Համբարյանը նշեց, որ «Ժառանգությունը» հիմա շատ պասիվ վիճակում է: «ԱԺ-ում «Ժառանգություն» կուսակցությունն ընդհանրապես ֆրակցիա չունի` որպես այդպիսին, որովհետև այնտեղ «Ժառանգության» ուսերին այլ մարդիկ են եկել ԱԺ: «Ժառանգությունը» հիմա պասիվ վիճակում է, նրան ժամանակ է պետք, որ վերականգնվի, և սա շարունակվում է վերջին նախագահական ընտրություններից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ օպտիմալ օգտագործել ԱԺ ընտրության ժամանակ իր ստացած ձայները: ՀՅԴ-ն, ճիշտ է, հայտարարում է, որ ընդդիմություն է, բայց վերջին քաղաքական դասավորումների ընթացքում կարելի է ասել` ինչ-որ տեղ համաձայնության է եկել իշխանության հետ և արդեն ներկայացնում է կոնկրետ Հայաստանի արտաքին քաղաքականությունը տարբեր երկրներում. Վահան Հովհաննիսյանը Գերմանիայում է դեսպան նշանակվել, էլի կան մարդիկ ՀՅԴ կազմից, որ պատրաստվում են դեսպանի պաշտոն ստանձնել: Այլ է իրավիճակը, բայց միևնույն ժամանակ պետք է նշել նաև այն հանգամանքը, որ ՀՅԴ-ն ունի ռեսուրսներ` ի տարբերություն «Ժառանգության», ունի իր ընտրազանգվածը` ստաբիլ` 5-6 տոկոսանոց, այնպես որ ընդդիմության միավորման պարագայում կարող է իրեն թույլ տալ պասիվ դիրք գրավելու, իսկ ավելի ճկուն լինելու դեպքում կհամագործակցի միավորված ընդդիմության հետ:
Մարտի 1-ի հանրահավաքը, ըստ Համբարյանի, «մոնիթորինգ» էր` պարզելու, թե ինչպիսի տրամադրություններ կան ժողովրդի մոտ: «Պետք է մի բան նշեմ. մենք պետք է շատ լավ հասկանանք, որ ճիշտ է` Մայդանը Կիևում տեղի ունեցավ, բայց միևնույն ժամանակ էդ Մայդանը անվճար չէր. գիտեք` մարդիկ չեն գնում, ամիսներով փողոցներում մնում և պայքարում անվճար. բացեիբաց նույն ուկրաինական ինտերնետ ռեսուրսներից կարելի է իմանալ, թե այնտեղ մեկ օրն ինչ արժեր: Այնպես որ, եթե այս դեպքում թե՛ ԵՄ, թե՛ ԱՄՆ կողմից կար հետաքրքրություն` կազմակերպելու այդ Մայդանը, Հայաստանի պարագայում այդ հետաքրքրությունը նույն ԱՄՆ կամ ԵՄ կողմից բավական քիչ է»,- ասաց նա` հավելելով, որ Ուկրաինան Հայաստանի հետ համեմատել չի կարելի. այն Եվրոպայի ամենամեծ երկիրն է տարածքով, իսկ Մայդանի կազմակերպումը Հայաստանում բավական բարդ կլինի:










































