Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի որդին՝ Ալեն Ֆաբիենը, ժնևյան բնակարանում խնջույք է կազմակերպել, որի ընթացքում ատրճանակից արձակված կրակոցից վիրավորվել է 16-ամյա մի աղջիկ: Ոստիկանությունը պարզում է, թե ով է կրակել, դեռևս մեղադրանք ներկայացվել է Դելոնի 17-ամյա որդուն և նրա 14-ամյա ընկերոջը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Դերասանի ժնևյան բնակարանում հունիսի 30-ի երեկոյան կրակոցներ են հնչել, որի արդյունքում լուրջ վնասվածքներ է ստացել 16-ամյա մի աղջիկ: Նա վիրավորվել է որովայնի հատվածում, փամփուշտը մնացել է ողնաշարի մեջ: Նրա վիճակը կայունացել է և կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում են ժնևյան հոսպիտալից: Դեռևս հայտնի չէ՝ տուժածի ծնողները պատրաստվո՞ւմ են արդյոք դիմել դատարան:
Խնջույքին, որը դերասանի որդին կազմակերպել էր առանց հոր իմացության, հավաքվել է մոտավորապես 10 անչափահաս: Նրանցից ո՞վ է կրակել, հայտնի չէ։ Քննվել են Ալեն Ֆաբիենը և մի փաստաբանի որդի, սակայն երկուսի ցուցմունքներն էլ տարբերվում են: Ինչպես հայտնի է դարձել երեկ երեկոյան, երկուսին էլ մեղադրանք է ներկայացվել անզգուշությամբ մարմնական վնաս հասցնելու մեջ: Որոշ աղբյուրների համաձայն՝ հավաքվածների միջև վեճ է ծագել, որի արդյունքում Ալեն ֆաբիենը փորձել է զենքը խլել տղաներից մեկի ձեռքից: Մյուս վարկածով՝ բոլորն էլ թմրադեղեր են օգտագործել:
Կրակոցն արձակվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում արտադրված կոլեկցիոն զենքից, որը պատկանում է Ալեն Դելոնին: Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ ավագ Դելոնն ասել է, որ իր ժնևյան բնակարանում երբեք զենք չի եղել, սակայն ինքն ունի երկու կամ երեք ատրճանակ, որոնք պահվում են Ֆրանսիայում գտնվող Դուշիի իր տանը: Ենթադրվում է, որ ինչ-որ մեկը այդ ատրճանակներից մեկը բերել է Ժնև:
«Այն, ինչ ես գիտեմ ներկա պահին, իմ որդին չի կրակել»,- ասել է Ալեն Դելոնը մամուլին: «Իմ որդին չարաշահել է իմ սերն ու վստահությունը՝ իմ բացակայության ժամանակ կազմակերպելով խնջույք իր ընկերների հետ, մեր՝ արձակուրդ գնալու նախօրեին: Արդյունքում ես զանգ եմ ստանում ոստիկանությունից»,- հայտարարել է դերասանը Le Matin թերթին տված հարցազրույցում:











































