Քանի որ ցեմենտի վերաբերյալ ներկայացված օրենսդրական նախագիծ է, այստեղ կա իրավական, մասնագիտական և քաղաքական կողմ, և բոլոր կողմերին պետք է կարողանանք արժանահավատ, ադեկվատ և արդարամիտ գնահատականներ տալ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նրա խոսքով, մասնագիտական կողմն այն է, որ իրենց խմբակցության պատգամավորների ելույթները և Գագիկ Ծառուկյանի մեսիջը ուղղված են եղել նրան, որ երկրում տեղական արտադրությունը պաշտպանվի և այդ աշխատատեղերը չկորցնենք։
«Դրանք հազարից ավելի ընտանիքներ են, և որևէ մեկը պետք է կրի սոցիալական և քաղաքական պատասխանատվություն այդ խոշոր ձեռնարկությունների փակման համար։ Խոսքը ոչ միայն «Արարատցեմենտի» այլև Հրազդանի ցեմենտի գործարանի մասին է։ Ասեմ, որ պարոն Ծառուկյանին ձեռնտու կլինի, որ ինքը կլինկեր ներկրի և դրանից ստանա ցեմենտ, որովհետև իր ձեռնարկությունում կլինկերից ցեմենտ ստանալը նստում է 2 հազար դրամ, իսկ փոքր ընկերությունների վրա՝ 8-10 հազար դրամ։
Բայց այդ դեպքում ով է կրելու սոցիալական պատասխանատվությունը, երբ այդ ամբողջ կոլեկտիվը հարց տա, թե ինչպես եղավ, որ այդպես եղավ»,-ասաց Մելքումյանը։







































