Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ցանկանում է Գոլանի բարձունքներում նոր բնակավայրն անվանակոչել ի պատիվ ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ այս կերպ Նեթանյահուն ցանկանում է շնորհակալություն հայտնել Թրամփին՝ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու համար:
«Մենք պետք է մեր երախտագիտությունը հայտնենք՝ Գոլանի բարձունքներում Դոնալդ Թրամփի պատվին բնակավայր անվանակոչելով», – նշել է Նեթանյահուն:
Վարչապետը խոստացել է, որ առաջիկայում կզբաղվի այդ հարցով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն հրաժարվել է ճանաչել Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի նկատմամբ:
Գոլանի բարձունքները Մերձավոր Արևելքում վիճելի տարածք է, որի մեծ մասը վերահսկվում է Իսրայելի և արևելյան մասը՝ Սիրիայի կողմից: Երկու երկրներն էլ Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի անբաժանելի մասը: