Միջազգային հանրությունն Ուկրաինայում կարծես թե ակտիվորեն կոչ է անում ազգայնացման քաղաքականություն վարել: Նախ համաշխարհային քաղաքագիտական մտքի առաջնորդներից մեկը՝ Զբիգնև Բժեզինսկին հայտարարեց, որ ուկրաինական օլիգարխները պետք է մեկական միլիարդ տրամադրեն երկրի վերականգնմանը: Հետո Լեհաստանի արտաքին գործերի նախարար Սիկորսկին հայտարարեց, որ Ուկրաինայի պաշտոնյաների ակտիվները պետք է ծառայեն տնտեսության վերականգնմանը:
Սա գուցե կարելի է պայմանականորեն համարել ազգայնացման կոչ, քանի որ խոսքը չի վերաբերում տնտեսության ապամասնավորեցմանը: Խնդիրը ընդամենը ուկրաինացիներից թալանված գումարների վերադարձն է ուկրաինացիներին, որոնց տնտեսությունն այսօր ունի այդ գումարների կարիքը, դրա կարիքն ունի նաև բյուջեն: Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Տուրչինսկին հայտարարել էր, որ պետական գանձարանը դատարկ է: Թեև այդ մասին հայտարարությունները չէ, որ պետք է դա հայտնի դարձնեին:
Այն, որ Յանուկովիչն իր ապարանքները կառուցելով, ինքն իրեն ոսկեպատելով ընկած էր Եվրամիության ու Ռուսաստանի միջև գումարային առևտրի հետևից, թե ով ավելի թանկ կտա, վկայում էր, որ նա պետությունը դատարկել էր և ջանում էր ինչ-որ տեղից գումար կորզել ու լցնել գանձարանը: Արևմուտքի կոչը միանգամայն տրամաբանական, հասկանալի ու նաև բարոյական և արդարացի է:
Եթե եղել են մարդիկ, որ միլիարդներ են թալանել ժողովրդից, ապա այդ մարդկանց միլիարդները պետք է վերադարձնել ժողովրդին: Սակայն այստեղ, բարոյականությունից և արդարացիությունից բացի, ըստ էության կա նաև բավականին նուրբ մի պահ: Խոսքն այն մասին չէ, որ միջազգային հանրությունը չի ցանկանում միայն իր վրա վերցնել ուկրաինական տնտեսությունը փրկելու բեռը: Իհարկե, կա նաև այս հանգամանքը, քանի որ սա ևս միանգամայն բնական է՝ ինչու պետք է ինչ-որ մարդիկ թալանեն, թեկուզև հեռացվելով իշխանությունից, բայց պահեն թալանածն ու հետո գուցե նաև վայելեն ինչ-որ մի տեղ ապաստանելով, իսկ միջազգային հանրությունը միլիարդներ ուղարկի թալանածը լրացնելու: Սա, այո, միանգամայն օրինաչափ և պրագմատիկ է: Սակայն ամենակարևորն այստեղ այն է, որ միջազգային հանրությունը, ըստ էության, փորձում է կանխել ունեցվածքի վերաբաժանման վայրի գործընթացը, որի հավանականությունը միշտ էլ կա ցանկացած նման հեղափոխական զարգացման դեպքում, հատկապես չկայացած ինստիտուցիոնալ քաղաքական համակարգերի և քաղաքական ավանդույթների բացակայության պարագայում:
Երբ կոչ է արվում կամ հորդոր է հղվում ժողովրդից թալանածը վերադարձնելու ժողովրդին, ապա այդ կոչի մեջ ակնհայտորեն առկա է այն, որ ժողովրդից ինչ-որ մեկի թալանածը հետո ինչ-որ մեկը չփորձի վերցնել իրեն: Այսինքն՝ միջազգային հանրությունը փորձում է կանխել Ուկրաինայում սեփականության վերաբաշխման դաժան գործընթացի վտանգը: Եվ սա նաև, իհարկե, ունիվերսալ մոտեցում է, այսինքն՝ սա կիրառական է բոլոր այն դեպքերում, երբ հասարակությունները կարողանում են հեռացնել գող իշխանություններին և նրանց օլիգարխ սպասավորներին կամ հանցակիցներին: Ու նկատի ունենալով նաև այն, որ Հայաստանում այս խնդիրը հրատապ է, ու թեև պարզ չէ, թե հասարակությունը երբ ի վիճակի կլինի լուծել իշխանափոխության խնդիրը, այնուհանդերձ, որպես հետագայում սեփականության վերաբաշխման դաժան գործընթացի կանխարգելիչ քայլ, Հայաստանի հասարակությունն էլ պետք է դիտարկի հենց այդ տարբերակը՝ ժողովրդից խլվածը հրապարակավ վերադարձնել ժողովրդին, թափանցիկ և հաշվետու կերպով:
Վերջին հաշվով, ինչքան էլ ոգևորիչ են հեղափոխական զարգացումները, հատկապես հալածվող և ստրկացված հասարակությունների համար, միևնույն է չպետք է մոռանալ կենսափորձով հաստատված պնդումը՝ որ հեղափոխություն են անում լավագույնները, իսկ օգտվում են դրանից տականքները: Այնպես որ, տարբերակը, որն առաջարկում է միջազգային հանրությունը Կիևին, գործիք է՝ անելու այնպես, որ հեղափոխությունից տականքները չօգտվեն, կամ հնարավորինս քիչ օգտվեն: Դա միակ և ամենակարող գործիքը չէ, բայց, անկասկած, կարողներից ու կարևորներից մեկն է:








































