Ռուսական «Վեդոմոստի» կայքէջից տեղեկանում ենք, որ երեկ` հուլիսի 1-ին, ՌԴ Պետդումայում առաջին ընթերցմամբ քննարկվելու էր «տրոշինյան» օրինագիծը, որը թույլ կտա ՌԴ Սահմանադրական դատարանին` չհամաձայնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների հետ, եթե դրանք հակասություններ ունեն ռուսաստանյան օրենսդրության հետ: Փոփոխություններն արագ կանցնեն երեք ընթերցումներն էլ. գաղափարը, որի հեղինակը ՌԴ ՍԴ նախագահ Վալերի Զորկինն է, ընդունում է նաև ՌԴ նախագահը:
Հոդվածագրի մեկնաբանությամբ` իրականում այն, ինչը տեղի է ունենում, այնքան էլ իրավական խնդիր չէ: Դա վատ դիվանագիտություն է, «մյունխենյան ելույթի» շարունակությունը` իրավանման միջոցներով: Ռուսաստանյան քաղաքական ղեկավարությանը դուր չեն գալիս ՄԻԵԴ-ի կողմից արդեն ընդունված բազմաթիվ որոշումներ, օրինակ` Վլադիմիր Ռիժկովի Հանրապետական կուսակցության գրանցման մերժումը հակաօրինական ճանաչելը և Լատվիայի դատարանի` Վասիլի Կոնոնովի նկատմամբ մեղադրական դատավճիռն օրինական ճանաչելը: Եվ ավելի շատ կարող են դուր չգալ նաև ընդունվելիք որոշումները, օրինակ` 2003թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումները:
Այս համատեքստում Ռուսաստանը ՄԻԵԴ-ի նկատմամբ ոչ միայն քաղաքական ագրեսիվություն է դրսևորում, այլ նաև ծիծաղելի է թվում: Մարկինի գործի շուրջ պատերազմը վկայում է այն մասին, որ Ռուսաստանում տղամարդուն, որը զինծառայող է, հրաժարվում են երեխային խնամելու իրավունք տալ: Դա ավելի շատ հիշեցնում է վայրենի զորանոցային պատկերացումներն այն մասին, որ դա «տղամարդու գործ չէ»: Չեն սիրում ստրասբուրգյան դատարանը նաև այն բանի համար, որ այդ պաշտոնական ատյանը հետևում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին պաշտոնական կոնվենցիայի կատարման ընթացքին: Իսկ դա կարող է արևմտյան մամուլի համար Ռուսաստանի դեմ «կատաղի պատվիրված միջոցառումներ» սկսելու առիթ դառնալ, քանի որ դրանում մեղադրել միջազգայնորեն ճանաչված կառույցին` դժվար է:
Ռուսաստանի քաղաքացիներն ավելի շատ են վստահում դատարանին, բայց ոչ թե ռուսաստանյան արդարադատությանը, այլ եվրոպական: ՄԻԵԴ-ում մինչև 2010-ի ավարտը կուտակված 406.146 բողոքներից 84.775-ը Ռուսաստանից են: Ռուսաստանն առաջատար է դիմումների թվով: Նրան հետևում են Լեհաստանն ու Թուրքիան, բայց մեծ տարբերությամբ` համապատասխանաբար 46.106 և 35.152 բողոքներով: Եվ դա այն դեպքում, որ աշխատանքով ծանրաբեռնված Եվրոպական դատարանը ստացված ընդհանուր բողոքների կեսը ճանաչում է անընդունելի և բողոքները քննության առնում միայն այն դեպքում, երբ սպառված են իրավունքի պաշտպանության ներպետական բոլոր միջոցները:
ՄԻԵԴ-ը արդեն ընդառաջ է գնացել Ռուսաստանի Դաշնությանը, երբ վերջինս կամակորություն էր անում և չէր ցանկանում միանալ թիվ 14 արձանագրությանը: Օրինակ` բացառության կարգով դատավորների կոլեգիայում Ռուսաստանից ստացված բողոքների քննության ժամանակ անպայման ընդգրկվում է ռուսաստանցի դատավոր: Բայց, ընդհանրապես, ՄԻԵԴ-ը պետք է դժգոհի Ռուսաստանից, որի դատական համակարգից այդքան շատ բողոքներ են ստացվում, և ոչ թե ՌԴ-ը` Ստրասբուրգի դատարանից: Պրոբլեմը կապված է Ռուսաստանի արդարադատության իրականացման հետ, և ոչ թե Եվրոպական դատարանի:
Վարչապետի խոսնակ Տրոշինը պատրաստ է ճանաչել ՄԻԵԴ-ի որոշումները միայն այն դեպքում, եթե այն ղեկավարի Հիսուս Քրիստոսը: Բայց քանի որ Սահմանադրական դատարանը գլխավորում է ոչ թե Պիղատոսը, այլ կառավարության ներկայացուցիչը, դժվար թե փոփոխությունների օգտին բերված այդ փաստարկն իրավացի համարվի: Կարճ ասած` Ռուսաստանը կրկին տարբերվեց, և կրկին, ինչպես սահմանափակ իրավազորությամբ դատարանի սցենարով, «ազատական» իրավաբան-նախագահի հավանությամբ:
Օրինագիծն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանին. եթե Ռուսաստանի Դաշնության Պետդուման վավերացնի Տրոշինի օրինագիծը, դա վատ նախադեպ կդառնա նաև ՄԻԵԴ-ի իրավազորությունը ճանաչող մյուս երկրների, այդ թվում` Հայաստանի համար. այն որոշումները, որոնք ընդունելի չեն լինի տվյալ երկրի իշխանության համար, դրանք անմիջապես կմտցվեն ՍԴ, կճանաչվեն տվյալ երկրի օրենսդրությանը հակասող և պարզապես չեն կատարվի: Մինչ դրա վերջնաարդյունքին հասնելը փորձենք հասկանալ` Հայաստանը կհետևի՞ Ռուսաստանի օրինակին, թե՞ ոչ:
Նկատի ունենալով, որ Հայաստանը գրեթե կուրորեն հետևում է «մեծ եղբոր» կատարած քայլերին, նման օրենսդրական փոփոխությունների անցկացումը և ՍԴ միջոցով ՄԻԵԴ-ի անցանկալի որոշումները չեզոքացնելը տեսականորեն հնարավոր է նաև Հայաստանում: Տեսականորեն, քանի որ «մեծ» բառն այստեղ կարևոր նշանակություն ունի, և ՄԻԵԴ-ը թույլ չի տա «թեթև քաշային» Հայաստանին կրնկակոխ հետևել «ծանր քաշային» ՌԴ-ին. իր «արբանյակների»` քաղաքական, իրավական միջազգային կառույցների միջոցով այնքան «կոմպրոմատներ» կդնի Հայաստանի առջև, որ հայրենի իշխանությունը պարզապես կհրաժարվի նման մտադրությունից:
Գոնե առայժմ դա չի լինի` թեկուզ այն պատճառով, որ ՄԻԵԴ-ի կողմից ընդդեմ ՀՀ-ի կայացված վճիռներով քաղաքացիներին փոխհատուցումներ տալիս հայրենի իշխանությունը, կարծես թե, դեռ չի նեղվում, քանի որ այդ ֆինանսական միջոցներն իր գրպանից չի տալիս, այլ հարկատուների միջոցներից: Իսկ եթե հանուն ինչ-որ պաշտոնյայի կամ փողատիրոջ պետք է լինում անօրինական դատական ակտ կայացնել` պարզապես անտեսում են Եվրոպական նախադեպերը: Համենայնդեպս, գոնե առայժմ Հայաստանն այդքան համարձակություն չի ունենա նման փոփոխություններ նախաձեռնելու:
Դա կանի այն ժամանակ, երբ ՄԻԵԴ-ի իրավազորությունը ճանաչող այլ երկրներ ևս կսկսեն հետևել Ռուսաստանի օրինակին: Իսկ նման գործընթացի մասայականացման դեպքում ՄԻԵԴ-ը պարզապես կկորցնի իր հեղինակությունը, որոշ չափով զսպաշապիկ լինելու դերը, ի վերջո, կարող է դադարել գոյություն ունենալուց: Հետևանքն այն կլինի, որ յուրաքանչյուր ոչ ժողովրդավար երկրի քաղաքացի կդառնա իր երկրի բռնապետի պատանդը` ստրկական մտածելակերպով:
Պատրաստեց` Էլմիրա Մարտիրոսյանը










































