Ձմեռային տրանսֆերային պատուհանը փակվեց նաև Հայաստանում: Ամանորից հետո հայկական ֆուտբոլում թեժ քննարկումներ էին ծավալվել Բարձրագույն խմբի առաջնությունում լեգեոներների քանակի սահմանափակման շուրջ: Ակումբների հիմնական մասը կարծես թե դեմ է սահմանափակման վերաբերյալ օրենքի ընդունմանը՝ համարելով, որ տեղացի ֆուտբոլիստներով հնարավոր չէ առաջ շարժվել:
Տրանսֆերային պատուհանի ընթացքում հայկական թիմերը շարունակեցին համալրվել մեծ քանակությամբ արտասահմանցի ֆուտբոլիստներով: Ըստ «Տրանսֆերմարկետ» պարբերականի՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայկական ակումբները իրականացրել են 57 գործարք: Ինչ խոսք, վերը նշված պարբերականի տվյալները միանգամայն ստույգ որակել չի կարելի, բայց ֆուտբոլիստների տեղաշարժին հետևելով՝ կարելի է կարծիք կազմել ընդհանուր պատկերի վերաբերյալ:
Տրանսֆերային պատուհանի ընթացքում հայաստանցի ֆուտբոլիստներից միայն «Արցախի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Գրիգոր Աղեկյանին հաջողվեց տեղափոխվել արտասահմանյան ակումբ: Աղեկյանը պայմանագիր կնքեց Բելառուսի բարձրագույն լիգան ներկայացնող «Իսլոչի» հետ: Ասել, որ սա լուրջ տեղաշարժ էր մեր հարձակվողի համար, ճիշտ չի լինի: Ամեն դեպքում, Բելառուսի առաջնությունը որակապես գերազանցում է Հայաստանի առաջնությանը, և հուսով ենք, որ առաջիկայում որակական աճ կգրանցվի նաև Աղեկյանի մոտ:
Որոշակի հույսեր էինք կապում «Փյունիկում» հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի երիտասարդ թեկնածուների, մասնավորապես՝ Պետրոս Ավետիսյանի, Ալիկ Առաքելյանի, Արթուր Քարտաշյանի, Էրիկ Վարդանյանի և Վահագն Հայրապետյանի հետ: Բացառությամբ Ավետիսյանի՝ նշված մյուս ֆուտբոլիստները մնացին «Փյունիկում»: Ավետիսյանն էլ նախօրեին պայմանագիր կնքեց «Արարատ-Արմենիայի» հետ: Մնում է հուսալ, որ հեռանկարային այս ֆուտբոլիստները կդրսևորվեն ազգային թիմում՝ այդ կերպ գրավելով ավելի բարձրակարգ թիմերի ուշադրությունը:
Այսօր մատների վրա կարելի է հաշվել այն ֆուտբոլիստներին, որոնք վաղը կարող են օգտակար լինել ազգային թիմին: Ներկայում գլխավոր խնդիրը այդ խաղացողների համար հարթություն ստեղծելն է: Արդեն իսկ փաստ է, որ մեր ակումբները նախորդ տարիների համեմատ շոշափելի աճ են գրանցել և ավելի մրցունակ են դարձել: Բայց դրանից հայկական ֆուտբոլն ամենևին էլ չի զարգացել:
Ամփոփելով ձմեռային պատուհանը՝ կարող ենք ասել, որ գտնվում ենք իրական տրանսֆերային կոլապսում: Ըստ «Տրանսֆերմարկետ»-ի՝ Հայաստանի Բարձրագույն խմբի 9 թիմերում այսօր հայտավորված են 233 ֆուտբոլիստներ, որոնցից 100-ը կամ 42.9 տոկոսը լեգեոներներ են: Ամենաշատ լեգեոներներ այսօր ունի «Արարատ-Արմենիան»՝ 18: Այս հաշվարկում երկրորդը Վանաձորի «Լոռին» է՝ 17: Երրորդ հորիզոնականը 13-ական լեգեոներներով կիսում են «Արարատն» ու «Փյունիկը»: 12-ական լեգեոներներ ունեն «Ալաշկերտն» ու «Բանանցը»: Գյումրիի «Շիրակն» ունի 6, «Արցախը»՝ 5, իսկ «Գանձասար-Կապանը»՝ 4 լեգեոներ: Հետևաբար կարելի է ասել, որ նշված վերջին թիմերն այսօր, ասպես ասած, ամենահայկականն են:
Վիճակագրական այս տվյալներից կարելի է ենթադրել, որ «Արցախի», «Շիրակի» և «Գանձասար-Կապանի» ֆուտբոլային գաղափարախոսությունը որոշակիորեն տարբերվում է մյուս 6 թիմերից: Ավելի ստույգ՝ այս 3 թիմերը կարծես թե մտադիր են առաջ շարժվել՝ ապավինելով տեղացի կադրերին:
Նշենք նաև, որ նշված ակումբներից միայն «Շիրակն» ունի ֆուտբոլի ակադեմիա: «Ամեն տարի Հայաստանի ակադեմիաները մոտ 100 ֆուտբոլիստ են տալիս այն տարիքի, որ արդեն պետք է հիմնական թիմերում շարունակեն իրենց կարիերան: Բայց լեգեոներների առկայության պայմաններում նրանց խաղալը խնդիր է: Նույն «Շիրակում» մենք ամեն տարի չեմպիոնության համար ենք պայքարում, ու մեզ դժվար է մեր 19-20 տարեկան ֆուտբոլիստների համար տեղ գտնել մեկնարկային կազմում, որովհետև միշտ հնարավոր է Աֆրիկայից ցածր աշխատավարձով լավ ֆուտբոլիստ բերել: Իսկ լիմիտի դեպքում արդեն սիրով մեր երիտասարդներին շանս կտանք, մյուս կողմից՝ ակումբներն էլ կփորձեն ավելի բարձր մակարդակի լեգեոներներ բերել: Այս դեպքում, օրինակ, 5 լեգեոների լիմիտի դեպքում դաշտում առնվազն 66 հայ ֆուտբոլիստ կունենանք: Կարծում եմ՝ այդ ֆուտբոլիստներին հավաքագրելը մեծ խնդիր չի լինի: Այո, գուցե և աշխատավարձերը մի քիչ բարձրանան, բայց չեմ կարծում, որ դա մեծ խնդիր է: Ավելի մեծ խնդիր է այն, որ խաղում ենք թիմերի դեմ, որոնց կազմից 9-10-ը հայ չեն. ինչքանով է դա պետք Հայաստանի առաջնությանը: Այնպես չէ, որ մենք այժմ մեծ ամբիցիաներ ունենք եվրոպական մրցաշարերում, որ ինչ-որ փուլ հասնելու համար հավաքենք ամենաուժեղ լեգեոներներից կազմված թիմերը»,- vnews.am-ին տված հարցազրույցում ասել էր «Շիրակի» սեփականատեր Արման Սահակյանը: Վերջինիս ներկայացրած ճանապարհային քարտեզը կարծես թե ամենապատեհն է ստեղծված իրավիճակում:
Պետք է ընդունենք և հասկանանք, որ ուժեղ ֆուտբոլի հիմքում բարձրակարգ տեղի ֆուտբոլիստներն են ու մրցունակ հավաքականները:







































