Փետրվարի 25-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև: Պուտինն ու Էրդողանը մասնավորապես քննարկել են ապրիլին Ռուսաստանում կայանալիք բարձր մակարդակի հանդիպումը, որ տեղի է ունենում պարբերաբար երկու երկրների միջև գործակցության Բարձրագույն խորհրդի շրջանակում:
Երկու նախագահների հեռախոսազրույցը, սակայն, անկասկած բավական հետաքրքիր է Իրանից նախօրեին ստացված տեղեկության ֆոնին, ըստ որի՝ հրաժարական է ներկայացրել Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջաֆար Զարիֆը: Թե ինչն է նրա հրաժարականի պատճառը՝ չի նշվում, և գնահատականները ենթադրությունների դաշտում են: Ըստ այդմ՝ փորձագիտական շրջանակները խոսում են, որ պատճառը Իրանի ներքին դասավորություններն են և ավելի կոշտ արտաքին քաղաքական գծի կողմնակիցների հաղթանակը: Եթե դա իսկապես այդպես է, ապա Ռուսաստանն ու Թուրքիան իհարկե ունեն մտահոգվելու կամ առնվազն մտածելու տեղ, որովհետև Իրանի կոշտ արտաքին քաղաքական գիծն անշուշտ միայն Արևմուտքին չէ, որ կարող է վերաբերել: Ավելին, կոշտ գիծն ըստ էության ավելի շատ կվերաբերի հենց Թուրքիային ու Ռուսաստանին, որոնց հետո Թեհրանը կարևորագույն ֆորմատում է՝ Սիրիայի հարցում Աստանայի ֆորմատում: Բանն այն է, որ Իրանն այսպես թե այնպես Արևմուտքի հետ հարաբերություններում կոշտ գծի մեջ էր, հատկապես, երբ կոշտացավ նաև ԱՄՆ դիրքորոշումը:
Այդ տեսանկյունից հատկանշական է, որ Իրանի արտգործնախարարի հրաժարականից հետո Անկարան ու Մոսկվան նախագահների մակարդակով հեռախոսազրույց են ունենում: Սա հատկանշական է առավել ևս Սոչիում փետրվարի 14-ին տեղի ունեցած եռակողմ Վեհաժողովի ֆոնին, որտեղ նախագահներ Ռոհանին, Պուտինն ու Էրդողանը քննարկել էին Սիրիայի հարցը, մասնավորապես ԱՄՆ զորքի հիմնական մասի դուրսբերումից հետո այնտեղ նոր իրավիճակն ու հեռանկարները: Այս համատեքստում Իրանի նախարարի հրաժարականը կարող է նշանակել որոշակի փոփոխություններ Թեհրանի քայլերում, հնարավոր է նաև Սոչիի պայմանավորվածություններում:
Իրանի արտգործնախարարի հրաժարականն իր ուրույն ներգործությունն ունի նաև վաղը Թեհրան սպասվող Նիկոլ Փաշինյանի այցի համատեքստում, որը առաջինն է լինելու թավշյա հեղափոխությունից հետո: Այդ առումով Նիկոլ Փաշինյանը գործնականում այցելելու է նոր իրավիճակ ապրող Իրան:
Ինչպիսին է այդ իրավիճակը Հայաստանի համար: Այն, որ իրավիճակը կարող է մտածելու տեղիք տալ Պուտինին ու Էրդողանին, հիմք է տալիս եզրակացնելու, որ Հայաստանի համար դա կարող է պարունակել հնարավորություններ: Սա իհարկե ինքնաբերաբար, մեխանիկական եզրակացությունների հարց չէ, սակայն Թեհրանը Հայաստանի համար բնական դաշնակից է ռեգիոնալ ռազմաքաղաքական դասավորությունների համատեքստում ընդհանրապես, ըստ այդմ՝ Թեհրանի արտաքին քաղաքական կոշտացումը այս դեպքում կարող է ճկունության նոր հնարավորություն լինել Երևանի համար:
Ի դեպ, հատկանշական է, որ նախօրեին էլ Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ էր հեռախոսազրույց ունեցել: Իրանի արտգործնախարարի հրաժարականի մասին հայտնի էր դարձել դրանից ավելի ուշ:








































