Հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում ներկայում մոտ 4200-4500 անօթևան ընտանիքներ կան, որ ապրում են մոտ 3 500 վագոն-տնակներում, ինչպես նաև՝ հանրակացարաններում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը նշեց, որ այդ ընտանիքներն ապրում են սարսափելի ծանր պայմաններում:
«Ապրում են կիսախարխուլ շինություններում, տնակներում, հանրակացարաններում, որոնք գրեթե բոլորը չորրորդ կարգի վթարայնության շենքեր են, բայց պետությունը կառուցելու է 430 բնակարան: Դրանք դեռ նախորդ տարի պիտի շահագործվեին, անհասկանալի պատճառներով դա հետաձգվեց, խոստացել են իբր այս տարի կառուցել, սա պետական ծրագրի վերջին մասն է, այլևս ոչ մի խոստում, բնակարանաշինական ոչ մի ծրագիր գոյություն չունի՝ գոնե այս պահին, բայց խնդիրն այն է, որ անօթևանների ցուցակում դեռևս 1000 ընտանիք մնում է, նաև 3 500 ընտանիք, որոնք անօթևանների ցուցակում հաշվառված չեն: Նրանցում մոտ 300 ընտանիք կա, ովքեր երկրաշարժի ժամանակ բնակարան են կորցրել և մինչ օրս չեն փոխհատուցվել, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել անօթևանների ցուցակում հաշվառվել»,- ասաց նա:
Թումասյանի խոսքերով՝ անօթևանների հերթացուցակում հաշվառվելու համար քաղաքացիներից տասնյակ փաստաթղթեր են ուզում, այդ հաշվառումը ավարտվել է 2008 թվականի նոյեմբերի 1-ին, դրանից հետո որևէ հաշվառում չի իրականացվում, մինչդեռ շատ անօթևաններ ինչ-ինչ պատճառներով ժամանակին չեն կարողացել հաշվառվել՝ որը դուրսն է եղել՝ չի իմացել, որը հիվանդ է եղել՝ չի կարողացել գալ, հաշվառվել, բացի այդ՝ անօթևան ընտանիքը փաստաթղթեր պիտի ունենա, որ կարողանա հաշվառվել, որպեսզի հետագայում դիտարկեն` կարո՞ղ է ընդգրկվել հերթացուցակում, թե՞ ոչ: Հիմա այս 300 ընտանիքները պարզապես չեն կարողացել փաստաթղթերը տեղ հասցնել ժամանակին, նրանց հաշվառել է քաղաքապետարանը, բայց դա որևէ բան չի նշանակում: Թումասյանը նշում է՝ երկրաշարժից երկու տասնյակից ավել տարիներ են անցել, բնականաբար՝ տեղի բնակիչների մի մասն այստեղ չէ, իսկ հաշվառվելու համար ամբողջ ընտանիքի փաստաթղթերն են պետք, ուստի շատ ընտանիքներ ո՛չ մասնակի են փոխհատուցվել, ո՛չ բնակարան են ստացել, մնացել են ծանր վիճակում:
«Եթե որևէ նոր ծրագիր չընդունվի, թվարկածս ընտանիքները բնակարան չեն ստանա: Եթե երկրաշարժից հետո չխոստանային, որ երկու տարվա կամ հինգ տարվա կամ տասը տարվա ընթացքում բնակարան կկառուցվի և կհատկացվի անօթևան մնացածներին, ապա այդ մարդիկ վագոն-տնակների մոտ ինչ-որ բան կկառուցեին: Այդ տնակները հիմնականում ճահճոտ մասերում են, կան արտեզյան ջրեր, փտած վիճակ, հատակ չկա, կտուրը չի դիմացել, պատերն իրարից հեռացել են, քամին թափանցում է ներս՝ առանց խոչընդոտի, մարդիկ ամռանը հիմնականում (քանի որ տնակները ժեշտից են) շոգից խեղդվում են, ձմռանը՝ սառչում: Գոնե որոշակի սոցիալական արտոնություն տրամադրեին՝ վառելիքի տեսքով, չգիտեմինչի տեսքով, մինչև էդ մարդկանց դուրս բերեին այս պայմաններից»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա սեփական քարաշեն տանը կամ նորակառույց բնակարանում ապրող մարդն էլ է նույն վարձերը մուծում, տնակում բնակվողն էլ:
Ըստ Թումասյանի՝ անօթևանների մի մասը ձմռան ցուրտը մեղմելու համար գնում, աղբանոցներից է վառելիք հայթայթում, բայց մնացածը, ովքեր իրենց թույլ չեն տալիս նման բան, այս վիճակում են: Հաշվառված անօթևանների հերթացուցակում վերջին հերթերն են հասել, բայց մոտ չորս հարյուր ընտանիք մերժվել է: Նրանց, ովքեր սեփական տուն են կորցրել, ասել են՝ սեփական տան կորուստը չեն փոխհատուցում: Եղել են դեպքեր, որ մարդուն մերժել են, ինչ է թե համայնքում կամ գյուղում մի գոմ կա իր անունով ձևակերպված: Ընդհանրապես, ըստ կարգի, բնակարան հատկացվում է այն ընտանիքներին, որոնք երկրաշարժից կորցրել են բնակարան, և մինչև հիմա չեն փոխհատուցվել:








































