«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը:
– Պարոն Կարախանյան, վերջին շրջանում ռուսական լրատվամիջոցներով քարոզչական հարձակումները Հայաստանի ուղղությամբ ինչո՞վ են, ըստ Ձեզ, պայմանավորված։ Մասնավորապես, Մարգարիտա Սիմոնյանը «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ Երևանում հեղափոխություն իրականացնելու թեմայով ԱՄՆ Կոնգրեսի ֆինանսավորմամբ դասընթացներ են անցկացվել։
– Իհարկե, ռուսական իշխանական ու քաղաքական շրջանակներում կան մարդիկ, կան գործիչներ, այդ թվում՝ նաև լրագրողներ, որոնք համոզված են, որ Հայաստանում, այնուամենայնիվ, գունավոր հեղափոխություն է եղել արևմտյան կենտրոնների աջակցությամբ, սցենարով կամ պլանով։ Բնական է, որ այդ համոզմունքն ունեցող մարդիկ քայլ առ քայլ, եթե Հայաստանում տեղի են ունենում ինչ-որ միջոցառումներ, սեմինարներ, այդ ամենը քննարկում են հատկապես այդ լույսի ներքո, որ Հայաստանում գունավոր հեղափոխություն է, որի սլաքն ուղղված է Ռուսաստանին։ Բայց ասել, որ դա հիմնական և գերիշխող կոնցեպտ է Ռուսաստանում՝ հատկապես Ռուսաստանի իշխանությունների, իհարկե, չի կարելի։ Իհարկե, Ռուսաստանի իշխանության մեջ կան մի քանի տեսակետներ, մոտեցումներ, վերլուծություններ են արվում, և դրա հիման վրա արվում են հայտարարություններ, իսկ Ռուսաստանի իշխանությունն իր դիրքորոշումները ցույց է տալիս։ Ուզում եմ ասել, որ կան այդ տրամադրությունները, միտումները, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանում դա դոմինանտ է։ Իհարկե, այստեղ կան մեծ խնդիրներ, որ Վրաստանը ակտիվորեն համագործակցում է արևմտյան կենտրոնների, տարբեր արևմտյան կազմակերպությունների հետ, որոնք, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն տրամադրված Ռուսաստանի և նրա վարած քաղաքականության նկատմամբ, այդ առումով բնական է, որ Հայաստանի հետ կապված ևս բնական հարցեր, մտահոգություններ են առաջանում, թե այդ ամենը ուղղված է Ռուսաստանի դեմ։ Այդ տեսանկյունից Հայաստանում թեկուզ ոչ լայնածավալ այդպիսի միջոցառումների, սեմինարների, ելույթների ժամանակ ուղղակի կամ անուղղակի կերպով քննարկվում է Ռուսաստանի ներկայության հարցը, ռուսական ռազմակայանի, ընդհանրապես տնտեսական ներկայության հարցերը։ Այսինքն՝ Ռուսաստանի իշխանությունները, ռուսական քաղաքական շրջանակները շատ հստակ տեսնում են մի փաստ, որ Հայաստանում տեղի է ունենում հակառուսական, հակառուսաստանյան հստակ ու ագրեսիվ քարոզչություն։ Այդ փաստից ելնելով՝ առանձին քաղաքական գործիչներ, լրատվամիջոցների ղեկավարներ, լրագրողներ կարող են իրենց կարծիքն արտահայտել։ Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ դա Ռուսաստանի իշխանությունների կարծիքն է կամ ՌԴ իշխանությունների կողմից տրված հակահայաստանյան քննադատական ալիք է։ Այդ առումով շատ բաց, ազատ քաղաքականություն է տարվում։ Կարող են, ենթադրենք, Հայաստանի իշխանական շրջանակներից էլ լինել հայտարարություններ, որ պետք է օգնել, աջակցել, կարող են լինել նաև քաղաքական գործիչներ, որ ասեն՝ սա արևմտյան պրոյեկտ էր այնուամենայնիվ՝ ուղղված Ռուսաստանի դեմ։ Այսինքն՝ այդ հիմնական թեզերը, որ շրջանառվում են, իրավունք ունեն գոյություն ունենալու։ Բնական է, որ այս դեպքում Հայաստանի քաղաքական դաշտի, պետական գործիչների համար այդ ամենը չեմ կարծում, որ նորություն է։ Այնպես որ, պետք չի ամեն մի հայտարարության, ամեն հոդվածի վրա այդքան սևեռվել։ Կան մարդիկ, որ այդ հայտարարությունների ու հոդվածների վրա մեծ շենքեր են կառուցում։ Ուզում եմ կրկնել, որ Ռուսաստանում ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։ Իհարկե, դուր չի գալիս հակառուսաստանյան ագրեսիվ քարոզչությունը բնակչության շրջանում, հատկապես կա կարծիք, որ Հայաստանի իշխանությունները կամ իշխանական որոշակի թևեր պատշաճ պատասխաններ չեն տալիս, կամ եթե որոշ առումներով տարբեր հասարակական կազմակերպություններ չափն անցնում են, Ռուսաստանի հասցեին վիրավորական արտահայտություններ են անում, դա բնականաբար վատ է ընկալվում։ Ռուսաստանն էլ, այսպես ասած, անհասկանալի ռեակցիաների մեջ է ընկնում։
– Փորձագետները նշում են, որ անհասկանալի է Ռուսաստանի այս պահվածքը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը պատրաստ է խորացնել հայ-ռուսական հարաբերությունները։ Իսկ Հայաստանի կողմից Սիրիա առաքելություն ուղարկելու պատրաստակամությունը հենց կապում են Ռուսաստանին սիրաշահելու հետ։
– Ի սկզբանե սկզբունքային սխալ է դրված այդ խնդրում։ Այստեղ այնպես չէ, որ Հայաստանն ինչ-որ լավություն է անում կամ Ռուսաստանին ընդառաջ քայլ է անում։ Եթե մենք 80 հոգանոց հումանիտար խումբ ենք ուղարկում, դա չի նշանակում, որ դրա դիմաց Ռուսաստանն էլ պետք է ինչ-որ քայլ իր կողմից անի Հայաստանի համար։ Ի սկզբանե սխալ է դրված հարցադրումը։ Եթե հիմա Ռուսաստանը կամ այլ երկրներ սկսեն նման ձևով կառուցել արտաքին հարաբերությունները, դա ի սկզբանե սխալ է, որովհետև դրանով սկզբունքային ոչ մի հարց չի լուծվում, առավել ևս և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում, և՛ այլ երկրներում հայ գործիչների հետ կապված միշտ խոսակցություններ են ընթանում, որ այնտեղ կա հայկական համայնք, որ կոորդինացված, պաշտոնական կամ ոչ պաշտոնական կերպով հայ համայնքին կարողանանք օգնություն ցույց տալ։ Բայց մի քանի հոգի ուղարկել Սիրիա ու հետո հայտարարել՝ Ռուսաստան, դու մեզ պարտք ես, ճիշտ չէ։ Եթե խոսքը չլիներ Հայաստանի և Ռուսաստանի մասին, եթե խոսքը լիներ իրար հետ համեմատելի երկրների մասին, օրինակ՝ Պակիստան-Հնդկաստան, գուցե վիճակն էլ այլ լիներ։ Իսկ այս իրավիճակում կարող է ինչ-որ առևտրային խոսակցություն տեղի ունենալ, բայց եթե խոսքը Սիրիայի մասին է, որտեղ հայկական համայնք կա, իրավիճակը դրանից փոխվում է։ Եվ սա չի նշանակում, որ եթե 80 հոգի մարդ ենք ուղարկում, Ռուսաստանի ցանկությամբ ենք դա անում։ Ռուսաստանը կասի՝ չեք ուզում, մի ուղարկեք։ Եվ, իմիջիայլոց, սա եղել է հայկական կողմի առաջարկը, այսինքն՝ Հայաստանը այստեղ շատ հանգիստ կարող է ասել, որ ունի հայկական համայնք և այնտեղ հայկական առաքելություն է ուզում ուղարկել։ Եվ ինչ-որ ընդհանուր ծրագրի տակ առաքելություն են ուղարկել։ Ռուսաստանը իհարկե կասի՝ լավ է, Հայաստանը նման քայլեր է անում, բայց այստեղ նորից վիճահարույց է։ Եվ ի սկզբանե դնել, որ մենք այսպիսի բան ենք արել, եկեք հիմա էլ առևտուր անենք՝ դուք էլ մեզ մի բան տվեք, ճիշտ չէ։ Իհարկե նշվեց, որ Հայաստանը առաքելություն ուղարկեց Սիրիա, բայց սրանով ոչ մի սկզբունքային հարց չի լուծվում։ Ռուսաստանի համար Հայաստանում սկզբունքայինը առաջին հերթին՝ Հայաստանի բնակչության շրջանում վերջին տարիներին հակառուսական պրոպագանդա է գնացել։ Հասկանում ենք՝ կան կազմակերպություններ, որոնք ստանում են դրամաշնորհներ, ունեն ծրագիր, որ պետք է ուղղակի կամ անուղղակի ձևով իրականացնեն հակառուսական քարոզչություն. մարդիկ ստանում են իրենց աշխատավարձը, կատարում են իրենց աշխատանքը։ Եվ երկրորդ՝ այնուամենայնիվ, ռուսական իշխանության շրջանում մտայնություն կա, որ ճիշտ է, այս ամենը ի սկզբանե՝ մինչև հեղափոխությունը, անցավ Ռուսաստանի ղեկավարության կաբինետներում, որ որևէ ցնցող բան տեղի չունեցավ, և Ռուսաստանն իրեն շատ հանգիստ, հավասարակշռված պահեց հետհեղափոխական և նախահեղափոխական շրջանում։
– Պարոն Կարախանյան, պնդո՞ւմ եք, որ չկա որևէ միտում ռուսական հեռուստաընկերություններով այսպիսի հաղորդումներ պատրաստելու մեջ։ Չէ՞ որ ռուսական հեռուստաընկերություններով ցանկացած այսպիսի պրոպագանդա, ընդունված է ասել, տեղի է ունենում Կրեմլի վերահսկմամբ։
– Տեսեք՝ սա ևս մեկ ընդհանուր մոլորություն է։ Նման բան չկա, որ ռուսական մեդիայով նման հաղորդումը պայմանավորված է Ռուսաստանի իշխանության ցանկությամբ։ Նման բան չկա։ Ռուսաստանի մեդիան այսօրվա դրությամբ, որքան էլ «զարմանալի» լինի, բավականին ազատ է։ Եվ մարդիկ կարող են իրենց և՛ դեմ, և՛ կողմ կարծիքը հայտնել։ Ռուսաստանում կարող է նույն իշխանական թևի որևէ ներկայացուցիչ, որ պաշտպանում է Ռուսաստանի նախագահին, վեր կենա և ասի՝ այսինչ բանն այսպես չէ, քննադատի կառավարությանը կամ իշխանության վարած արտաքին քաղաքական գիծը։ Այսպիսի բաներ շատ կան։ Եվ կարող եմ ասել, որ հստակ, կոորդինացված հարձակում Հայաստանի նկատմամբ չկա և չի տարվում։ Կան հստակ մտայնություններ, որոնք ունեն իրենց հիմքերը, առանձին մարդիկ, քաղաքական գործիչներ, լրագրողներ վեր են կենում, իրենց կարծիքն են արտահայտում, բայց սա բնավ ոչինչ չի նշանակում։ Ռուսաստանի իշխանությունը նման տրամադրվածություն չունի։ Ընդհակառակը, Հայաստանն ավելի շատ հավասարակշռված և կոնցեպտուալ քաղաքականություն պետք է տանի Ռուսաստանի հետ, կոնկրետ ծրագրային մոտեցումներով աշխատի Ռուսաստանի հետ՝ և՛ ռազմական, և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Բայց եթե ժամանակը գնում է, և որևէ բան այս ուղղությամբ տեղի չի ունենում, Ռուսաստանի լրագրողները, քաղաքական գործիչները ավելի շատ են սկսելու նման ելույթներով հանդես գալ։










































