Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է մոտ ժամանակներում սկսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ռազմական տեխնիկայի և սպառազինության ամենամեծ վաճառքը: Այս մասին հայտնում է Defense News-ը: Ռազմական տեխնիկան պլանավորվում է վաճառել 15 տարիների ընթացքում, որի ընթացքում պաշտպանության նախարարությունը մտադիր է 85%-ով նորացնել իր տեխնիկական բազան:
Մոտակա 15 տարիներին վաճառքի կհանվի 70 կործանիչ, 110 տարբեր տեսակի ինքնաթիռ, այդ թվում՝ տրանսպորտային, 120 ուղղաթիռ և 600 միավոր զրահատեխնիկա: Հին տեխնիկայի վաճառքից ստացված գումարը կօգագործվի նորերը գնելու համար:
Ավստրալիայի ռազմապահովման նախարար Ջեյսոն Քլերի խոսքերով՝ 1997 թ.-ից սկսած Ավստրալիան ռազմական տեխնիկայի վաճառքից ստացել է միլիարդավոր դոլարներ՝ ընդամենը 21.2 մլն դոլար ծախսելով դրանց փոխանցման և պահպանման համար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ավստրալիայի կառավարությունը մտադիր է մոտակա 5 տարիներին պետական բյուջե վերադարձնել 4.6 մլրդ դոլար: Գումարների վերադարձը կիրականացվի ռազմական բյուջեների տնտեսման հաշվին, որը 2010-2011 ֆինանսական տարում (2010 թ.-ի հուլիսի 1-ից մինչև 2011 թ.-ի հունիսի 30-ը) կազմել է 1.6 մլրդ դոլար:
Տնտեսումը պլանավորվում է իրականցնել պաշտպանական մի քանի ծրագրերի վերանայման և պայմանագրերի կնքման, ինչպես նաև Ավստրալիայի միջազգային ռազմական օպերացիաներին մասնակցելու հաշվին:
Ներկա պահին Ավստրալիայում իրականացվում է ռազմական պոտենցիալի բարձրացմանն ուղղված ծրագիր, որի համար ծախսվելու է 51 մլրդ ավստրալիական դոլար (54.7 մլրդ ԱՄՆ դոլար): Այս գումարով պլանավորվում է գնել ամերիկյան 100 F-35 Lightning II կործանիչներ, նորացնել հականավային ուղղաթիռների շարքը, իրականցնել «Հոբարթ» տիպի հրթիռանավի ստեղծման նախագիծը, փոխարինել պահակային ինքնաթիռներն ու զրահատեխնիկան, ինչպես նաև մյուս տեսակների ռազմատեխնիկան:









































