2013 թվականը բուռն, աշխատանքային տարի էր. այն նշանավորվեց առաջին անգամ հայ աշակերտների՝ դպրոցականների աշխարհի առաջնությանը, ինչպես նաև առաջին անգամ գիմնազիադային մասնակցությամբ, ինչն էլ ապահովվեց բազմաթիվ նվաճումներով, այդ թվում՝ ոսկե և բրոնզե մեդալների տեսքով: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը:
«Անցած տարին նշանավորվեց նաև հայաստանյան մասշտաբներով դպրոցական մարզական խաղերին մասնակցող աշակերտների թվի աճով: 2012-ի համեմատ՝ Հայաստանի առաջնությանը 150-ով ավելի աշակերտ մասնակցեց:
Անցյալ տարի ունեցանք նաև ուսանողական մարզական խաղեր, որոնք մեծ ոգևորություն և թափ հաղորդեցին գործող ակումբներին: Այս տարի ևս ուսանողները կմասնակցեն տարբեր միջազգային մրցումների:
Ինչ վերաբերում է 2014-ին, ապա այն բավական լավ է մեկնարկել: Այս տարի ունենք աշխարհի առաջնություն, որին Հայաստանը ներկայանալու է չորս մարզաձևերով՝ սեղանի թենիս, հենդբոլ, ֆուտզալ և վոլեյբոլ: Այս օրերին թիմերն արդեն իսկ ձևավորվում են»,- ասաց Արման Այվազյանը:
ԿԳՆ ներկայացուցչի խոսքով՝ հայաստանյան խաղերում ներգրավված են բոլոր մարզերի դպրոցները: «Ընդ որում, մարզը կարող է ներկայանալ ինչպես մեկ դպրոցի թիմով, այնպես էլ մարզային հավաքական թիմով: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա դրանք նախևառաջ ֆինանսական են: Հաջորդը տարածքների և համապատասխան մարզասարքերի խնդիրն է»,- նշեց նա:
Անդրադառնալով դպրոցներում շախմատ առարկայի վիճակին՝ Արման Այվազյանը նշեց, որ հետաքրքրությունն այդ առարկայի նկատմամբ տարեցտարի մեծանում է:
«Մենք անում ենք ամեն բան՝ արտադպրոցական պարապմունքներում ներգրավված աշակերտների թիվը մեծացնելու համար: Ընդ որում, արտադպրոցական պարապմունքների, այդ թվում՝ երգի, պարի խմբակներ մասնակցող երեխաների թիվն ամբողջ հանրապետությունում 44 տոկոս է, իսկ զուտ մարզական պարապմունքներում ներգրավված է հանրապետության բոլոր աշակերտների 11.5 տոկոսը»,- ասաց նա:






































