ԱՄՆ իշխանությունները մերժել են հավաստիքներ տալ, որ իրենց կողմից ամերիկացի այլախոհ Էդվարդ Սնոուդենին ոչինչ չի սպառնում: Նախագահ Բարաք Օբամայի մամլո քարտուղար Ջեյ Քարնին ևս մեկ անգամ կրկնել է պաշտոնական Վաշինգտոնի հայտնի դիրքորոշումը:
Ավելի վաղ նույն օրը Associated Press գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմը օրինական միջոցներ է փնտրում այլ երկրի տարածքում ԱՄՆ քաղաքացու ոչնչացման համար: Համաձայն հաղորդագրության՝ խոսքը «Ալ-Քաիդա» խմբավորման մի գրոհայինի մասին է, ով «արտասահմանում ակտիվորեն հարձակումներ է ծրագրում ամերիկացիների դեմ»:
Քարնին հրաժարվել է այս կապակցությամբ մեկնաբանություններ տալ, սակայն հիշեցրել է նախորդ տարվա մայիսին Բարաք Օբամայի ելույթից մի հատված՝ ասելով, որ Օբաման չի հավատում, թե իրենց կառավարության համար սահմանադրական կլիներ առանց անհրաժեշտ իրավաբանական ընթացակարգի նշանառության տակ վերցնել և սպանել ԱՄՆ քաղաքացուն: Միաժամանակ՝ եթե ԱՄՆ քաղաքացին մեկնում է արտասահման ԱՄՆ-ի դեմ պատերազմելու համար և ակտիվորեն մասնակցում է գործարքների՝ ամերիկյան քաղաքացիներին սպանելու նպատակով, ապա նրա քաղաքացիությունը չպետք է նրա համար ծառայի որպես շղարշ:
«Մեր վարչակազմի դիրքորոշումը կայանում է նրանում, որ պարոն Սնոուդենին առաջադրվել են մեղադրանքներ ծանր հանցագործությունների համար, և նա պետք է ԱՄՆ վերադառնա, որտեղ նրան կներկայացվեն բոլոր իրավունքները և արտոնությունները այն մարդկանց, ովքեր մեղադրվում են մեր երկրի արդարադատության համակարգի շրջանակներում»,- ասել է Սպիտակ տան մամլո քարտուղարը:











































