Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փետրվարի 8-ին տեղի ունեցած Բրեմենի «Վերդեր»-ի դեմ մրցավեճում ընդհատեց իր 1066 րոպե ձգվող գոլային երաշտն` այդ խաղում դառնալով դուբլի հեղինակ, իսկ Յուրգեն Կլոպի թիմը հաղթանակ տոնեց 5:1 հաշվով:
Sport-express.ru-ն հարցազրույց է ունեցել գերմանական հանրահայտ Bild պարբերականի լրագրող Հեյկո Նիդերերի հետ, ով մշտապես գրում է դորտմունդյան ակումբի մասին: Ներկայացնում ենք հարցազրույցի առաջին մասը:
«Բոլորը գիտեն, որ Մխիթարյանը հիանալի խաղացող է ,- սկսում է նա: – Մրցաշրջանի առաջին հանդիպումներն այդ ֆուտբոլիստը շատ հաջող անցկացրեց, ու բոլորը նշեցին, որ նա լավ փոխարինող է Մարիո Գյոտցեի համար: Բայց որոշ ժամանակ անց գործերը սկսեցին այդքան էլ հարթ չընթանալ. ինչ-որ բան կորցրեց, խաղաց արդեն ոչ այդքան վստահ:
Ինչո՞վ էր պայմանավորված, որ մինչ «Վերդեր»-ի դեմ հանդիպումը Մխիթարյանը 1066 րոպե շարունակ չէր գրավում մրցակիցների դարպասը:
– «Բորուսիա»-ն առհասարակ վերջին ամիսներին գտնվում էր մի փոքր ճգնաժամի մեջ: Վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստների մեծ թվի պատճառով նրանք չէին խաղում այնպես, ինչպես սովոր են տեսնել բոլորը: Դրա արդյունքում էլ եղան մի քանի պարտություններ: Հենց այդ շրջանում Մխիթարյանը նույնպես այդքան էլ լավ խաղ չցուցադրեց, ինչպես և ամբողջ թիմը:
Bild-ի Ձեր հոդվածում մեջբերել էիք Մխիթարյանի խոսքերը, ով նշել էր, որ երբեմն հոգեբանական ճնշում է զգացել:
– Այո, Բրեմենի հանդիպումից հետո նա ինձ ասաց, որ հաճախ է ինքն իրեն «ծանրաբեռնել»: Հնարավոր է` դա կապված է իր տրանսֆերի համար վճարված մեծ գումարի` 25 մլն եվրոյի հետ: Նա խաղադաշտում պետք է ցուցադրի ավելին… «Վերդեր»-ի դարպասն ուղարկած 2 գնդակները նրան շատ ոգևորեցին, նա հուսով է, որ այժմ կդառնա ավելի հանգիստ, և ամեն ինչ բարեհաջող կընթանա:
Ձեր կարծիքով` ի՞նչը նրան չի բավարարում, որպեսզի ամբողջությամբ ցուցադրի իր կարողությունները:
– Առաջին հերթին, կայունությունը: Ես արդեն ասացի, որ մրցաշրջանի մեկնարկում նա անցկացրեց մի քանի հիշարժան հանդիպումներ` խփեց գոլեր, կատարեց հիանալի փոխանցումներ: Բայց հետո բավական երկար ժամանակ խաղաց ոչ այնքան համոզիչ: Նա` որպես 10-րդ համար, պետք է յուրաքանչյուր մրցավեճում խաղադաշտում ավելի տեսանելի լինի:
Մխիթարյանը «Շախտյոր»-ի կազմում Ուկրաինայի նախորդ առաջնությունում դարձել է 25 գոլի հեղինակ…
– Հուսով ենք` Դորտմունդում նույնպես քիչ գոլեր չի խփի: Իսկ, ընդհանուր առմամբ, կազմակերպի ավելի մեծ թվով վտանգավոր գրոհներ»:








































