Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 26-ի գիշերը Ռուսաստանի տարածքում, այդ թվում՝ Մոսկվայում, Ղրիմում, ինչպես նաև Սև ու Ազովի ծովերի օդային տարածքում, հակաօդային պաշտպանության ուժերի կողմից որսացվել և ոչնչացվել է ուկրաինական 660 անօդաչու թռչող սարք։ Սա 2026 թվականի սկզբից ի վեր ամենամեծածավալ հարձակումներից մեկն է։
Հարձակման հիմնական թիրախներից է եղել Տուլայի մարզի Նովոմոսկովսկ քաղաքի «Ազոտ» քիմիական գործարանը՝ ամոնիակի և ազոտային պարարտանյութերի արտադրության՝ Ռուսաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկը։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 47 ԱԹՍ-ների ոչնչացման մասին։ Մոսկվայի օդանավակայանները հարձակման ընթացքում գործել են սահմանափակ ռեժիմով։
Բացի այդ, պայթյուններ են գրանցվել նաև Ղրիմի Կերչ քաղաքի շրջակայքում։ NASA-ի FIRMS համակարգի տվյալներով՝ հրդեհներ են արձանագրվել ոչ միայն Նովոմոսկովսկի էլեկտրակայանի տարածքում, այլև Կերչում՝ «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային համալիրի տեղակայման վայրի և օդանավակայանի հարևանությամբ։







































