Հայ-ռուսական համալսարանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ կապված ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ:
Հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Վերջին օրերին ԶԼՄ-երում և սոցցանցերում տեղեկություններ են տարածվում ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի հնարավոր ազատ արձակման մասին։ Գրեթե յուրաքանչյուր նյութում շեշտվում է նրա՝ Հայ-ռուսական համալսարանը ավարտելու հանգամանքը, և դա ներկայացվում է ներում շնորհելու հնարավոր հիմնավորումների շարքում:
Այս կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ համալսարանի կողմից Մհեր Ենոքյանին հեռակա կարգով սովորելու և իրավաբանի որակավորում տրամադրելու որոշումը ընդունվել է բացառապես ցմահ դատապարտյալի նկատմամբ մարդասիրական դրսևորում ցուցաբերելու հիմքով, նաև՝ հաշվի առնելով նրա՝ բարձրագույն կրթություն ստանալու անխոնջ ձգտումը:
Այդ որոշումը որևէ կերպ չի կարելի դիտարկել որպես դատապարտյալ Ենոքյանին ազատ արձակելու հիմք կամ հնարավոր արձակմանը նպաստող դրական գործոն: Նման հիմքեր և/կամ գործոններ (եթե կան) պետք է փնտրել բացարձակ այլ տիրույթներում»:











































