Հետընտրական ինտրիգը շարունակում է մնալ այն, թե ով է խորհրդարանական ընդդիմության իրական հավակնորդը: Թվում էր, թե այս հարցը պետք է կարգավորվեր նախընտրական փուլում, բայց խնդիրը տեղափոխվել է հետընտրական փուլ՝ իր բոլոր նեգատիվ դրսևորումներով:
«Առաջին լրատվական»- ի հետ թեմայի շուրջ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Աղասի Մարգարյանը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը և «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը:
Դ. Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ խորհրդարան անցած երեք ուժերը արտահայտում են հասարակական տրամադրությունները: Ա. Մարգարյանի կարծիքով՝ այս ընտրություններն արձանագրել են հանրային տրամադրությունների մոտավոր պատկեր. «Միայն խորհրդարան անցած երեք ուժերը չէ, որ ներկայացնում են հասարակության տրամադրությունները, հասարակական տրամադրությունները շատ ավելի բազմաշերտ են»:
Անդրադառնալով հետընտրական զարգացումներին, Ա. Մարգարյանն ընդգծեց, որ դրանք քաղաքական կրքեր չեն. «Քաղաքական բանավեճ չկա, այլ անձնական հակադրություն է, փոխադարձ ցեխշպրտոցի»:
Մ. Հայրապետյանի դիտարկմամբ՝ ընտրական կարգն այնպիսին էր, որ մարդիկ ընտրել են անձեր. «Ընտրել են հերոսներ, բարի, ուժեղ, պատմություն կերտած տղաներ, բայց ոչ քաղաքական գաղափարախոսություն ու ծրագրեր: Ինչ վերաբերում է հետընտրական կրքերին, դրանք քաղաքական չեն»:
Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ ընդդիմություն լինելու համար թեժ պայքար է գնում, արտախորհրդարանական ընդդիմության ձևավորման խնդիր կա, իսկ ՀՀԿ-ի պահանջարկը գնալով վերանում է:
Մանրամասն՝ տեսանյութում:









































