«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։
-Պարոն Սասունյան, հետևում էիք Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ինչպե՞ս եք գնահատում արդյունքները։
-Այս արդյունքները սպասելի էին։ Շատ հստակ էր, որ «Իմ քայլը» դաշինքը կունենա քվեների ջախջախիչ մեծամասնությունը։ Միակ հարցն այն էր՝ արդյո՞ք որոշ կուսակցություններ, որ նախկինում ներկայացված էին ԱԺ-ում, կարող էին այդ հինգ տոկոսը հաղթահարել, թե՞ ոչ։ Թե՛ ՀՀԿ-ն և թե՛ Դաշնակցությունը չկարողացան անցնել, բացի ԲՀԿ-ից։ Մյուս բանը, որ ուզում եմ նշել, այն է, որ կառավարությունը հրապարակեց, որ 2,5 միլիոն ընտրող կա, հիմա ասում են, որ 2,5 միլիոնից 48 տոկոսն ընտրել է, այսինքն՝ կեսից մի քիչ պակաս, բայց բոլորն են իմանում, որ այդ 2,5 միլիոնից առնվազն մի քանի հարյուր հազարը դրսում են ապրում, անուններ են, որոնք գոյություն չունեն, կամ մահացած են, կամ արտագաղթել են, և այս ցուցակը մոտավորապես քսան տարվա ցուցակ է։ Ես կուզեի տեսնել, որ պետությունը, նախքան ընտրություններ անցկացնելը, մարդկանց պետք է հրավիրեր, գրանցեր ընտրությունների համար, որպեսզի տեսնեինք, թե ի վերջո որքան է իրական ընտրողների թիվը, և ոչ թե անցյալի ցուցակներով ընտրություն անցկացնել և տպավորություն ստեղծել, թե ժողովրդի կեսից ավելին հետաքրքրված չէ ընտրություններով, ինչը ճիշտ չէ։
-Տեղի հայկական համայնքից տեսակետներ են հնչում, որ հեղափոխություն տեղի չի ունեցել, այլ տեղի է ունեցել իշխանափոխություն։ Այսպիսի հոռետեսական տրամադրություններն արդյո՞ք դոմինանտ եք համայնքում։
-Ես մոտիկից հետևում եմ այս բոլոր փաստարկներին։ Ասեմ, որ երկու տեսակի կարծիքներ կան։ Համայնքի մեծամասնությունը այն կարծիքին է, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները շատ լավ են, լավատես են և շատ արագ փոփոխությունների են սպասում, ես կասեի` չափից ավելի լավատես են: Հայաստանը երկար տարիներ այնքան չլուծված հարցեր ունի, որ հնարավոր չէ մեկ գիշերվա մեջ լուծել այդ հարցերը: Եվ կա մյուս կողմը, որ ասում են`չէ, փոփոխություն չի եղել, միայն աթոռներն ու մարդիկ են փոխվել, ահա տեսեք՝ ոչինչ չի փոխվել, նույն աղքատ վիճակն է: Մեր ժողովուրդը ո՛չ Հայաստանում և ո՛չ էլ Սփյուռքի մեջ չի կարողանում հարգել դիմացինի կարծիքը, և երբ տարբերվող կարծիք է որևէ մեկը հայտնում, այդ մարդուն անմիջապես որպես թշնամի են դիտարկում, ասում` դավաճան, թուրք և շատուշատ վիրավորական խոսքեր, ինչը վատ է հատկապես այն դեպքում, երբ փորձում ենք երկիրը ժողովրդավարության տանել: Ժողովրդավարության ամենատարրական սկզբունքներից մեկն այն է, որ մարդիկ խոսքի ազատությունը հարգեն: Եվ ստիպված չեն անպայման համաձայնելու դիմացինի կարծիքի հետ: Մինչդեռ հիմա այս վեճն ավելի շատ թշնամության է վերածվել: Հուսամ, որ այս ընտրություններից հետո կրքերը մի քիչ կհանդարտվեն, որովհետև հիմա ունենք այն, ինչ ունենք, և բոլորս պետք է գործակցենք` անկախ նրանից` ով ենք, որ կուսակցությունից ենք, բոլորս միանանք և փորձենք երկիրը ոտքի կանգնեցնել: Եվ որևէ մեկը, եթե անգամ Փաշինյանի համակիրը չէ, պետք է ամեն ինչ անի, որ իշխանությանը օգտակար լինի, որովհետև եթե երկիրը լավ ղեկավարվի, ժողովուրդը կօգտվի այդ լավ ղեկավարությունից, իսկ եթե իշխանությունը ձախողվի, սա շատ վատ կանդրադառնա ժողովրդի վրա, որովհետև ձախողված իշխանությունը չի կարող որևէ բան հաջողել, իսկ տուժողը կլինի ժողովուրդը:
-Ի՞նչ եք կարծում, արտաքին քաղաքականության հարցերում որդեգրած մոտեցումները արդյո՞ք տարբերվելու են նախորդ իշխանությունների մոտեցումներից:
-Նախ ասեմ, որ պարոն Փաշինյանն այս ամիսներին բազմիցս հայտարարել է, որ ինքը արտաքին հարաբերությունների մեջ անմիջական շրջադարձ չի անելու և շարունակելու է նախկին կառավարության ուղղությունը: Սա է նրա հայտարարությունը: Եվ քանի որ նա է կառավարության գլուխը, ինքն է որոշելու: Անշուշտ կարելի է փոքր փոփոխություններ անել այստեղ-այնտեղ, բայց չես կարող մեծ փոփոխություններ անել Հայաստանի պարագայում, որ կարող է ապակայունացնել Հայաստանի հարաբերությունները, օրինակ, Ռուսաստանի կամ ԵՄ-ի հետ, կամ ԱՄՆ-ի հետ: Եվ միջազգային քաղաքականությունը մասնագիտացված և նուրբ հարց է, դժբախտաբար, սա մի ոլորտ է, որտեղ մեր հայ ժողովուրդը և իր ղեկավարությունն իր ամբողջ պատմության մեջ շատ փայլուն չի եղել և պետք է շատ զգույշ լինել միջազգային հարցերում: Այստեղ պարզապես կարծիքի հարց չէ, այստեղ մասնագիտական հարց է, և երկար տարիների մասնագիտական հմտություն է հարկավոր, ինչ չունեինք վերջին երեսուն տարիներին և, հավանաբար, մեր պատմության վերջին երեք հազար տարիների ընթացքում էլ չունեինք: Եվ Սփյուռքի մեջ էլ այսպիսի մարդիկ չունենք: Մանավանդ որ ունենք Արցախի հարցը և Ադրբեջանի թշնամությունը, այստեղ շատ նուրբ պետք է վարվել, չի կարելի դիմել կտրուկ քայլերի և ապակայունացնել մեր հարաբերությունները զանազան երկրների հետ` լինի Պարսկաստան, Ռուսաստան կամ ԱՄՆ:
Լուսանկարը՝ panorama.am-ի







































