Պոտսդամh Գերմանական երկրաբանական հետազոտական կենտրոնի մի խումբ գիտնականներ նախազգուշացրել են, որ մոտ ժամանակներս Թեհրանը կարող է բախվել լուրջ ենթակառուցվածքային խնդիրների՝ տեղեկացնում է Science Alert-ը:
Խնդիրն այն է, որ ստորգետնյա ջրերի ինտենսիվ սպառման պատճառով քաղաքի մի քանի շրջաններ տարեկան իջնում են 25 սանտիմետրով: Գետնի նման նստելը սպառնում է պատերի ու ստորգետնյա հաղորդակցական համակարգի ավերմամբ:
Գիտնականներն այդ եզրակացությանն են եկել՝ 2003-ից մինչև 2017թ․ տարածաշրջանում ուսումնասիրելով գետնի նստելուն վերաբերող արբանյակային տվյալները: Իրանի մայրաքաղաքի նույնիսկ ամենակայուն շրջաններում այդ գործընթացը տեղի է ունենում տարեկան 5 սմ արագությամբ:
Հրատարակությունը նաև բերում է Իսպանիայի Ալիկանտեի համալսարանից Ռոբերտո Տոմասի մեկնաբանությունը, որի խոսքով՝ Թեհրանում գետնի նստելու տեմպերը ամենաբարձրն են աշխարհում: Ընդամենը 1984-ից մինչև 2011թ․ ընկած ժամանակաշրջանում Թեհրանում ստորգետնյա ջրերի մակարդակն ընկել է մոտավորապես 12 մետրով։











































