Բուրունդիի գաղտնի բանտի մասին պատմող ցնցող տեսանյութը հայտնվել է դեռևս 2016թ.-ին, որտեղ երևում է արյուն հիշեցնող ալ հեղուկի հեղեղը: Վարկածներից մեկով այդ շինության ներսում դաժանորեն կտտանքների էին ենթարկում և սպանում ռեժիմի հակառակորդներին: Այժմ ВВС -ի լրագրողները կարողացել են գտնել այն մարդկանց, ովքեր ուղղակիորեն հաստատել են այդ փաստը:
Մարդիկ վանդակաճաղերի ետևում են հայտնվել նախագահ Պիեռ Նկուրունզիզայի դեմ բողոքի ցույցերից հետո, ով այդ ժամանակ որոշել էր երրորդ անգամ առաջադրվել: Արդյունքում հարյուրավոր մարդիկ սպանվեցին, մնացածը բանտարկվեցին, իսկ Նկուրունզիզան կրկին հայտնվեց իշխանության ղեկին:

Լրագրողները կարողացել են գտնել մի մարդու, որը եղել էր ցանկապատի մյուս կողմում: Պիեռը, ով ցանկացել էր ազգանունը գաղտնի պահել, պատմել է, որ գերի է ընկել և ականատեսը դարձել դաժան խոշտանգումների: Նրա խոսքերով, երբ մարդիկ փորձում էին փախչել, հսկիչները բղավում էին. «Սպանեք այդ շներին»:
«Երբ նրանց բռնում էին, սկսում էին գոռալ, կարծես սպանում էին, դրանից հետո ես նրանց այլևս չտեսա: Կարծում եմ` նրանց իսկապես սպանել են»,- ասել է Պիեռը:







































