Եվրոպական ժողովրդական կուսակցությունը հայտարարում է, որ Եվրամայդանի նկատմամբ ցանկացած բռնություն կամ արտակարգ դրության սահմանում կդիտվի որպես քրեական հանցագործություն և հիմնարար իրավունքների խախտում, որի հետևանքը կլինի մեղավորներին պատասխանատվության ենթարկելը՝ համաձայն միջազգային իրավունքի:
Ինչպես «Ինտերֆաքս-Ուկրաինային» տված հարցազրույցում հայտարարել է «Բատկիվշչինա» կուսակցության փոխնախագահ Գրիգորի Նեմիրյան, այդ մասին ասվում է Ուկրաինայի հարցով բանաձևում, որը երկուշաբթի ընդունվել է Բրյուսելում՝ ԵԺԿ քաղաքական ասամբլեայի ժամանակ:
Ուկրաինացի քաղաքական գործիչը ընդունված փաստաթղթի այլ կարևոր տարր է համարում ուկրաինական խորհրդարանի կողմից հունվարի 16-ին ընդունված ողջ օրենսդրական փաթեթի լիարժեք չեղյալ հայտարարումը:
Բացի այդ, բանաձևում Յանուկովիչից պահանջում են դադարեցնել «Բերկուտի» և անվտանգության այլ ուժերի՝ Եվրամայդանի կողմնակիցներին առևանգելու, ծեծելու ամոթալի պրակտիկան:
Եվս մեկ գլխավոր դրույթ է նա համարել բոլոր ակտիվիստների ու քաղբանտարկյալների, այդ թվում՝ Յուլյա Տիմոշենկոյի անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը:
Կուսակցությունը եվրոպացի սոցիալիստների կուսակցությանը և Եվրախորհրդարանում նրանց քաղաքական խմբին, ովքեր համագործակցում են Ռեգիոնների կուսակցության հետ, կոչ է արել ազդել իրենց գործընկերների վրա՝ ռեպրեսիաներն ու բռնությունը դադարեցնելու համար: Բանաձևում կոչ է արվում նաև շարունակել քաղաքական երկխոսությունը:











































