Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է «Ցասման օրվա» 260 մասնակցի: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը: Կիրակի տեղի ունեցած բողոքի ակցիան ուղղված է եղել նախագահ Ֆրանսուա Օլանդի դեմ:
Ավելի վաղ հաղորդվել էր 150-ից ավել ձերբակալվածի մասին: Հաղորդվել է նաև, որ 19 իրավապահ վնասվածքներ են ստացել, սակայն նրանցից ոչ մեկի համար հոսպիտալացում չի պահանջվել:
Դիմակավորված, արմատական տրամադրություններով ակտիվիստներն իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ շշեր, ճայթռուկներ ու ծխանռնակներ են նետել:
Նրանք դեմ են հանդես եկել մի շարք օրենքներին, որոնք ընդունվել են Օլանդի նախագահության շրջանում: Մասնավորապես, նրանք պահանջել են միասեռական ամուսնություններն օրինականացնող օրենքի չեղյալ հայտարարում: Նրանք դեմ են հանդես եկել նաև հղիության ընդհատման համար բժշկական ծառայությունների հասանելիությունը հեշտացնող օրենքին:








































