Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերը Հոլոքոստի զոհերի հիշատակը հարգելու միջազգային օրվա նախաշեմին հանդես է եկել հայտարարությամբ, որում խոստովանել է, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Հունգարիան համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ՝ հաղորդում է Reuters-ը:
Նախագահի խոսքերով՝ «Օսվենցիմը գտնվում է Հունգարիայից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա, սակայն երկրի պատմության մի մասն է»: Նա նաև նկատել է, որ եթե պատերազմն ընթանար Հիտլերի և վերջինիս հունգարացի դաշնակիցների ծրագրի համաձայն, ապա Հունգարիայում հրեաներ չէին մնա:
Հունվարի կեսին Հունգարիայի հրեական համայնքի ներկայացուցիչները հայտարարել էին Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված ազգային միջոցառումները բոյկոտելու մասին: Նման որոշման պատճառը Հունգարիայի գերմանական շրջափակման զոհերին նվիրված հուշահամալիր ստեղծելու իշխանությունների ծրագրերն էին: Հրեական համայնքի ներկայացուցիչների կարծիքով՝ կենտրոնի ստեղծողները մտադիր են այս կերպ 1944թ. տեղի ունեցած իրադարձությունների պատասխանատվությունը դնել միայն գերմանացիների վրա:










































