ԱՄԷ-ից փախած արքայադուստրը յոթ տարի ծրագրել է իր փախուստը։ Այդ մասին պատմվում է BBC-ի «Փախուստ Դուբայից» փաստավավերագրական ֆիլմում՝ գրում է The Guardian-ը։
Դուբայի էմիր Մոհամեդ իբն Ռաշիդի դստերը՝ 32-ամյա Լատիֆային, զբոսանավով փախչելուց հետո բռնել են Հնդկաստանի ափերի մոտ։ Դրանից հետո նրա գտնվելու վայրի մասին ոչ մի տեղեկություն չկա։ Ընկերների խոսքով՝ Լատիֆան ծրագրել էր փախչել երկրից, քանի որ այդ երկիրը նա համարում էր «ոսկե բանտ»։

Լատիֆան շեյխի դուստրերից երկրորդն է, որ փորձել է փախչել և անհետացել է բռնվելուց հետո՝ գրում է թերթը։ Նրա ավագ քրոջը՝ Շամսուին, բռնել էին Քեմբրիջի փողոցներից մեկում, երբ նա փորձել էր փախչել ընտանեկան կալվածքից 2000թ․։
Լատիֆան փախուստից առաջ տեսանյութ է պատրաստել, որտեղ նա պատմում է 16 տարեկանում իր փախուստի անհաջող փորձի մասին։ Նրա խոսքով՝ այն ժամանակ իրեն բռնել են սահմանին, երեք տարով բանտարկել են և կտտանքների ենթարկել։

Նշվում է, որ փախուստն իրականացնելու հարցում նրան օգնել է ֆրանսիացի գործարար Էրվե Ժոբերը, ում առաջին անգամ աղջիկը դիմել է 2011թ․։







































