«Առաջին լրատվական»-ը բազմիցս անդրադարձել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում նախնական վարկածով թոքաբորբից մահացած 5 ամսական Ագնեսայի մահվան հանգամանքներին:
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ մայրը չի հավատում այդ վարկածին, և պետք է դատաբժշկական փորձաքննություն կատարվեր:
Տիկին Մարիան՝ Ագնեսայի մայրը, «Առաջին լրատվական»-ին պատմեց, որ փորձաքննության ընթացքում պարզ է դարձել, որ երեխան մահացել է ոչ միայն թոքաբորբից, այլ նաև թերսնուցումից: Նա, սակայն, նշեց, որ գումար ունենալու դեպքում կանցնի բոլոր դատական ատյանները և կապացուցի, որ երեխայի մահվան պատճառը բժիշկների անփութությունն է եղել:
Տիկին Մարիայի խոսքերով՝ իրենց ընտանքիը շատ վատ պայմաններում է ապրում և ինքը հիմա այդ հնարավորությունը չունի․ «Ամուսինս աշխատում է գաջի գործարանում, ամիսներով աշխատավարձը չեն տալիս, մի բան էլ ասում են «մաքուր» ու «կեղտոտ» աշխատավարձ այն դեպքում, երբ նա քրտնաջան աշխատում է: Նրանք գիտեն՝ ինչ վիճակի մեջ է ամուսինս: Որ ամիս որ զանգում եմ, խնդրում, որ ամուսնուս աշխատավարձը տան, չեն տալիս: Այս վերջերս էլ խողովակ էր պայթել՝ գնաց-սարքեց, նորից գումարը չվճարեցին: Մենք հացի պարտք ունենք, մյուս երեխայիս չեմ կարողանում պահել, պարտքատերերի աչքերին չենք կարողանում նայել»:
Նրա խոսքերով՝ տունն էլ խոնավ է, ինչն էլ ապրեու համար բազմաթիվ անհարամարություններ է ստեղծում․ «Հազար ու մի հիվանդություն կարող է լինել, սա տուն չէ, որ ապրում ենք՝ պատերը թաց, վերմակ-դոշակը երեխայիս թացանում է: Սա ի՞նչ վերաբերմունք է հայի նկատմամբ, մարդը պարտաճանաչ, ժամ-պատարագ չիմանալով՝ աշխատում է, ու այդպիսի վերաբերմունք… Ես արդեն չգիտեմ՝ ինչպես անել, հազիվ 60․000 գումար է ստանում, թողնենք ստեղից գնանք, որ լա՞վ զգան իրենց»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ, ճիշտ է, կարծում է բժիշկները մեղավոր են, որ երեխային չփրկեցին և առանց իրեն զգուշացնելու գործողություններ կատարեցին, այնուամենայնիվ իր դիտարկմամբ՝ եթե բավականաչափ գումար ունենային այն ժամանակ երեխային թանկ կեր տալու համար, նման բան չէր պատահի: «Ես ի՞նչ անեմ հիմա, այս մյուս երեխուս ո՞նց պահեմ, Ագնեսիս կորցրեցի, բայց այս երեխուս ո՞նց պահեմ»,- եզրափակեց նա:










































