Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Գրիգոր Ղազարյանի գործի դատավարությունը:
31-ամյա Գրիգոր Ղազարյանի խնամքին երեք անչափահաս երեխա կա: Նա դատապարտվել է կնոջ՝ իր երեք երեխաների մոր ձեռքին փայտով հարվածելու, նրա առողջությանը թեթև վնաս պատճառելու համար:
Դատական ակտի համաձայն՝ 2013 թվականի հոկտեմբերի 7-ին, ժամը 11-ի սահմաններում Օձուն գյուղի իր տան բակում կենցաղային հարցերով առաջացած վիճաբանության ժամանակ Գրիգորը դիտավորությամբ փայտով հարվածել է կնոջ ձեռքին ու պատճառել մարմնական թեթև վնասվածք՝ առողջության կարճատև քայքայումով:
Ընդհանուր իրավասության դատարանում Գրիգորն իրեն մեղավոր չի ճանաչել և հայտնել է, որ ինքը փաստացի բաժանվել է կնոջից ու բնակվում է եղբոր ընտանիքի հետ:
2013 թվականի հոկտեմբերի 7-ին եղբոր հետ եղել է տանը, երբ լսել է, որ կինը դրսում վիճում է եղբոր կնոջ հետ, դժգոհում է, թե դռան փականը ջարդված է, իր բացակայությամբ մտնում են իր սենյակ, իրերը խառնում են:
Ամբաստանյալը հայտնել է, թե վիճաբանության ձայնից ինքը դուրս է եկել, կնոջն ասել՝ ով մտել է տուն՝ նրա ամեն ինչը, ով շառ ա անում, նրա ամեն ինչը:
Կինը հայհոյել է իր հանգուցյալ մոր հասցեին ու վառելափայտի կտորներ նետել իր ուղղությամբ:
Այդ փայտերից մեկն ինքը հետ է շպրտել, փայտն ընկել է կնոջ ոտքերի տակ, այն չէր կարող վնասել կնոջ ձեռքը:
Փայտը շպրտելու ժամանակ իրենց երկու տարեկան երեխան կնոջ գրկին էր, ինքը փայտն այնպես չէր նետի, որ երեխային դիպչելու վտանգ լիներ:
Ինքը կնոջ մատնանշած կացնի պոչով դիտավորյալ չի հարվածել ու նրան մարմնական վնասվածք չի պատճառել:
Քանի որ ինքը դիմել է դատարան՝ կնոջն իրենց բնակարանից վտարելու պահանջով, կինն իր նկատմամբ տրամադրվել է թշնամաբար ու անհիմն մեղադրում է:
Նախաքննության ժամանակ իրեն մեղավոր է ճանաչել ոչ թե առաջադրված մեղադրանքում, այլ այն բանի համար, որ վիճաբանության ձայներից տանից դուրս է եկել ու վեճի մեջ մտել կնոջ հետ:
Երբ իր շահերի պաշտպանը բացատրել է, որ տանից դուրս գալը հանցանք չէ, ինքը հասկացել է, որ մեղավորություն չունի:
Ինքը հեռախոսով տեսագրել ու ձայնագրել է իրենց վիճաբանությունը: Այնտեղ երևում է, որ կինն է փայտեր նետում իր վրա, լսվում են նրա հայհոյանքները:
Նախաքննության ժամանակ Գրիգորն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ ամուսնացել է 2005 թվականին: Կնոջ հետ բնակվել են իր հայրական տանը: Կնոջ անհաշտ բնավորության պատճառով կենցաղային հարցերով հաճախ են վիճել:
2013 թվականի մարտի 6-ին, հերթական վեճից հետո հեռացել է նրանից: Կինը բնակվում է նույն տանը՝ առանձին սենյակում: Ինքը դատարան է դիմել նրան վտարելու հարցով:
Դեպքի օրը կինը եղբոր կնոջ հետ վիճել է բերք քաղելու պատճառով: Ինքը միջամտել է, փորձել է կնոջը հանգստացնել, բայց երբ կինը հայհոյել է իր հանգուցյալ մոր հասցեին, ինքը զայրացել ու փայտ է նետել նրա կողմը: Փայտը դիպել է կնոջ ձախ ձեռքին:
Ընդհանուր իրավասության դատարանն արժանահավատ է գնահատել Գրիգոր Ղազարյանի նախաքննական ցուցմունքները:
Տուժած կինը հայտնել է, որ համատեղ ամուսնությունից երեք երեխա ունեն: Դեպքի օրը կնոջ հետ վիճել է խաղող քաղելու պատճառով: Վիճաբանությանը միջամտել է Գրիգորը, իր մոր հասցեին հայհոյանքներ է տվել: Ինքն էլ փոխադարձաբար հայհոյել է Գրիգորի մոր հասցեին:
Գրիգորը փայտով, որը եղել է կացնի պոչ, մոտ տարածությունից հարվածել է իր ձախ ձեռքին ու պատճառել վնասվածքներ:
Տուժողն ընդունել է, որ վիճաբանության ժամանակ ինքն էլ փայտի կտորներ է նետել «մի կողմի վրա», բայց այդ փայտերով Գրիգորն իրեն չի հարվածել, նա ճիշտ չի ասում, իբր՝ հեռվից նետած փայտն ընկել է իր ոտքերի տակ: Գրիգորը կացնի պոչով մոտ տարածությունից ուղղակի խփել է իր ձեռքին:
Կինը պահանջել է Գրիգորին ենթարկել քրեական պատասխանատվության, բայց գումարային պահանջ չի ներկայացրել:
Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել Գրիգոր Ղազարյանի մեղքը քրեական օրենսգրքի 117 հոդվածով: Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ Գրիգորի խնամքին են 3 անչափահաս երեխաները, նրա կողմից հանցավոր արարքի կատարումը պայմանավորված է եղել տուժողի հակաբարոյական վարքագծով՝ հայհոյանքներ տալով:
Երեք երեխաներ ունեցող ծնողները իրենց երեխաներին դաստիարակելու, նրանց խնամքով համատեղ զբաղվելու փոխարեն միմյանց սեռական հայհոյանքներ են տալիս՝ ձայները գլուխները գցած, փայտեր են նետում միմյանց վրա, նկարահանում ու ձայնագրում «հերոսական տեսարանները» ու դառնում են վառ «օրինակ»՝ իրենց իսկ երեխաների համար:
Գրիգոր Ղազարյանը կնոջ ձեռքին փայտով հարվածելու, իր երեք երեխաներին խնամող ձեռքը վնասելու համար մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 60 հազար դրամ տուգանքի:







































