Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսում է երկու նախադեպային հայցերի քննություն՝ «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյաններն ընդդեմ Ադրբեջանի»: Առաջինի քննությունը սկսվել է դեռ հունվարի 22-ին, իսկ Ադրբեջանի դեմ հայցի քննությունը կսկսվի փետրվարի 5-ին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը նշեց, որ ժամանակին, երբ ադրբեջանական կողմից հայցադիմումներ են ներկայացվել Հայաստանի դեմ, ինքը օգնել է հայկական կողմին հակընդդեմ հայց ներկայացնելու գործում:
«Այստեղ մի ընտանիք չէ, որ հայտ է ներկայացրել Ադրբեջանի դեմ: Հայտ են ներկայացրել ադրբեջանահայ փախստականները, այդ թվում՝ ես ու իմ ընտանիքը ՝ պահանջելով մեր թողած ունեցվածքը: Իրավիճակին լավ տեղյակ եմ, վաղուց ուշիուշով հետևում ենք զարգացումներին: Հայկական կողմից ընդդեմ Ադրբեջանի ՄԻԵԴ է դիմել մոտ 1000 ընտանիք: Եվրոպական կառույցներում, անշուշտ՝ նաև քաղաքական դրդապատճառներով, այս հայցերից ընտրվել են առավել խոցելիները: Կային ուրիշ հայցեր Ադրբեջանի այլ քաղաքներից՝ Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից, բայց ընտրվեց սա, քանի որ Սարգսյանների գյուղը՝ Գյուլիստանը, գտնվում է զորքերի շփման գոտում»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ այս պարագայում ադրբեջանական կողմի գործողությունները՝ ունեցվածքից զրկելու հարցում, ավելի հեշտ կլինի արդարացնել իր:
Այվազյանի խոսքով՝ ադրբեջանական կողմն էլ պնդում է, որ արդյունավետ չի վերահսկում Գյուլիստան գյուղը, ուստի չէր կարող ապահովել տեղի բնակիչների անվտանգությունը: Ասամբլեայի նախագահը կարծում է, որ Եվրոպական դատարանում կարող էին ընտրել այլ՝ էլ ավելի հիմնավոր հայցեր, օրինակ՝ Բաքվի փախստականների հայցերը, որոնց դեպքում չէին կարող ասել՝ արդյունավետ վերահսկումն անհնար էր:
Այվազյանը նշում է, որ ՄԻԵԴ-ի կողմից քննության առնվող երկու հայցն էլ աննախադեպ են, դրանցից շատ բան է կախված. եթե դատարանը վճռի հայցորդների օգտին, նրանց կհետևի մնացած հայցերի քննությունը, որոնց ճակատագիրը մեծապես կախված է սրանցից: «Երկու հայցերի նկատմամբ չի կարելի հավասարության նշան դնել, իրենց կողմը հանդես է գալիս փախստականներ ներկայանալու ճանապարհով: Փաստորեն այն ադրբեջանցիները, որոնք հանդես են եկել ընդդեմ Հայաստանի և Ղարաբաղի, մասնակից են եղել զինված առճակատման և ադրբեջանական կողմի պարտության պարագայում զրկվել են իրենց ունեցվածքից: Նույն արդարացումը չի կարող ունենալ ադրբեջանական կողմը, որ հայ փախստականներին զրկեց արդար քրտինքով վաստակած ունեցվածքից, սեփականության իրավունքից, ընդ որում՝ պատերազմից շատ ավելի շուտ և պատերազմական գործողություններից շատ ավելի հեռու տեղում: Այստեղ խոսքը հսկայական փոխհատուցման, անգամ վերադարձի, վերաբնակեցման իրավունքի մասին է»,- ասաց նա:
Ընդդեմ Ադրբեջանի ներկայացված հայցերից առավել խոցելին ընտրելու մեջ Այվազյանը նաև քաղաքական դրդապատճառ է տեսնում, ցավով նշում, որ այս դեպքում էլ լուծումը ենթադրում է ոչ թե իրավունքը, այլ քաղաքականությունը, և այս դեպքում հաղթանակ կլինի ոչ միայն նյութական առումով, այլև քաղաքական: Ու չնայած շատերի թերահավատ վերաբերմունքին՝ Այվազյանը կարծում է, որ եթե օրենքի տառին համապատասխան շարժվեն, հայկական կողմի համար շանսեր կլինեն:
«Մենք մեծ հույսով ենք հետևում: Առաջինը, ցավոք, դիմել է ադրբեջանական կողմը՝ փոխհատուցման ակնկալիքներով, և այդ «լաչինցի» ընտանիքի խնդիրը նույնպես նախադեպային է: Իրենց կողմից ևս մի ընտանիք չի դիմել՝ ազատագրված շրջանի բնակիչներն են դիմել, և եթե որոշում կայացվի հօգուտ իրենց, դա ևս կլինի նախադեպային և մեր նկատմամբ ճնշման ձև: Սա կբերի շղթայական էֆեկտի:
Ես և իմ ընտանիքը ևս հայցադիմում ենք ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի. դա ինձ համար ինչպես հասարակական հարց է, այնպես էլ անձնական: Մեր կողմից շատ նրբորեն է ներկայացված հայցադիմումը, քանի որ մենք Գյուլիստանից չենք, այլ ուրիշ տարածաշրջանից, որի նկատմամբ արդյունավետ հսկողություն էր իրականացվում: Երկու հարց ենք բարձրացրել՝ թույլ տալ, որ մեր ընտանիքը վերադառնա իր բնակավայր՝ Բաքու, վերահաստատի իր սեփականությունը, իսկ եթե ադրբեջանական կողմն ինչ-ինչ պատճառներով չի կարող ապահովել այդ գործընթացը և մեր անվտանգությունը, ապա պետք է փոխհատուցի մեր թողած գույքի համար՝ շուկայական գներով: Հայցադիմումում, անշուշտ, բարոյական վնասը ևս ներառված է»,- ասաց նա:








































