ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն առաջարկում է մի շարք լիազորությունների մասով ԲԴԽ-ի որոշումները դարձնել բողոքարկման ոչ ենթակա:
ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկարատև քննարկումներից հետո «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկումը հետաձգվեց:
«ԲԴԽ-ի կողմից 4 լիազորությունների մասով ընդունվող որոշումները բողոքարկման ենթակա չլինելու առաջարկություն եմ ներկայացնում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այնպիսի լիազորությունների, ինչպիսիք են դատավորի՝ դատարանից մեկ այլ դատարան տեղափոխելուն, դատավորների լիազորությունների դադարեցման հարցը, դատավորների լիազորությունների դադարեցման հիմք հանդիսացող հանգամանքի առկայության արձանագրումը, դատարանի կամ դատավորի անկախությունը վտանգող ցանկացած հարցի քննարկումը և իրավասու մարմիններից հարցի լուծման ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկել պահանջը, կառավարության համաձայնությամբ առանձին դատարանների դատավորների թվակազմի ավելացումն ու կրճատումը»,-ներկայացրեց Մախմուդյանը:
Նա առաջարկեց կատարել նաև լրացում, որով Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների մեջ պետք է ներառվի նաև դատավորների ներքին կարգապահական կանոնների սահմանումը:
Կառավարության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ դատավորների ներքին կարգապահական կանոններ սահմանելու լիազորության հետ կապված խնդիր չեն տեսնում: Սակայն կարևորում են, որ ԲԴԽ-ն լիազորություն ունենա պաշտոնական պարզաբանում տալու իր կողմից ընդունված ենթաօրենսդրական ակտերի համար: «Իսկ մի քանի որոշումների բողոքարկման ոչ ենթակա լինելու դրույթին դեմ ենք: Մենք կարծում ենք, որ այդ դրույթը հակասահմանադրական է»,-նշեց նա:
Հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկեց անբողոքարկելի դարձնել միայն այն որոշումները, որոնք դատավորի համար վերջնական իրավական հետևանք չեն ստեղծում, այլ միտված են դրան, օրինակ՝ միջնորդությունը նախագահին:
Սակայն նա խիստ անհրաժեշտ համարեց, որ դատավորի փոխադրման և մյուս որոշումները բողոքարկման ենթակա լինեն:
Երկարատև քննարկումներից հետո նախագծի հեղինակ Մախմուդյանն առաջարկեց քննարկումն ու քվեարկությունը հետաձգել:











































