Օրերս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կոչ է արել՝ «եթե մտահոգ ես, ընտրիր ՀՀԿ-ին», և բացատրել, որ վերջին ամիսներին այս կուսակցությանը սկսել են մտահոգել երկրում ստեղծված անվտանգային միջավայրը, արտաքին քաղաքական ասպարեզում նոր ծագող խնդիրները, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը և բազմաթիվ այլ խնդիրներ, «որոնք նախկինում չկային» կամ էլ այդքան սուր չէին: Եթե խոսքը իրենց չվերաբերեր, նորածին մտահոգության վերաբերյալ «յա, իրո՞ք» կասեր այս կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:
Կասեր, որովհետև եթե ուրիշները չէ, ինքն ու Աշոտյանը հո հաստատ գիտեն, որ 2008թ.-ի ապրիլից, երբ ՀՀ նախագահ դարձավ այս կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, որը ղեկավարեց մինչև 2018թ.-ի ապրիլ, ՀՀ մշտական բնակչության թիվը, պաշտոնական տվյալներով, 2008թ.-ի 3 մլն 238 հազար մարդուց 2017թ.-ին հասավ 2 մլն 986 հազարի՝ նվազելով 252 հազարով կամ 7.78%-ով, ինչի արդյունքում երկրում էապես փոխվել է ժողովրդագրական պատկերը: Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի կառավարման ժամանակահատվածում կրճատվեց աշխատունակ տարիքի (10.7%-ով) և դրանից ցածր (3.8%-ով) բնակչության թիվը, իսկ կենսաթոշակային տարիք ունեցողների թիվն ավելացավ (2.3%-ով): Նույն 2008-2017թթ.-ներին ոչ լրիվ միջնակարգ դպրոցն ավարտողների քանակային ցուցանիշը կրճատվեց 41.5%-ով՝ 50,100-ից նվազելով 29,300-ի։ Հարկ է նաև նշել, որ բնակչության բնական աճը 2008թ.-ի 1000 բնակչին ընկնող 4.2-ից 2017թ.-ին նվազել է 4.1-ի:
Նույն տրամաբանությունն ու պատկերն է նաև համախառն ներքին արդյունքի առումով: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2008թ.-ին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 3,568,227 մլն դրամ՝ հաշվարկված ընթացիկ գներով։ Քանի որ 2012թ.-ին ՀՆԱ հաշվարկման մեթոդաբանություն է փոխվել, հաշվարկները կատարելով վիճկոմի նոր ստանդարտներով և 2008-2018 տվյալները բերելով նույն ստանդարտներին՝ ստացվում է, որ 2008թ.-ի անվանական ՀՆԱ-ն կազմել է 3,803,320 մլն դրամ, 2017թ.-ին իրական ՀՆԱ-ի ծավալը կազմում է 4,466,881 մլն դրամ, որը շուրջ 1 տրիլիոնով տարբերվում է 2017թ.-ի իրական ՀՆԱ-ի թվից՝ հաշվարկված 2016թ.-ի գներով։ Վերջնարդյունքում պարզվում է, որ 2008-2017թթ.-ների ընթացքում Հայաստանի իրական ՀՆԱ-ն դրամական արտահայտությամբ իրականում ավելացել է ընդամենը 663.5 մլրդ դրամով, և կրկնապատկվելու, եռապատկվելու, հնգապատկվելու մասին խոսակցությունները «յա, իրոքի» դաշտից են:
Պատկերը պակաս մտահոգիչ չէ նաև սպառողական գների ինդեքսի առումով: 2017թ. դեկտեմբերին 2007թ. դեկտեմբերի նպատմամբ գնաճը կազմել է 47.9%: Ընդ որում, պարենային ապրանքների գներն աճել են 46.7%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 40.8%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գնաճը կազմել է 56.1%։ Փաստորեն սպառողական զամբյուղի ապրանքները 2007-2017թթ.-ներին թանկացել են 1.5 անգամ:
Ի հակադրություն սպառողական գների, որտեղ անցանկալի աճ է, Օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) առումով վերջին տասը տարիներին շեշտակի անկում է: ՀՀ ԿԲ տվյալներից պարզվում է, որ 2008թ.-ին զուտ ՕՈՒՆ-ը կազմել է 943.7 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2017թ.-ին այդ թիվը եղել է 249.8 մլն ԱՄՆ դոլար։ Անկումը կազմել է ավելի քան 3.7 անգամ։
ՀՀԿ կառավարման տարիներին ՕՈՒՆ-ը ոչ միայն չի հասել 2008-ի մակարդակին, այլև, որոշ տատանումներով, նվազման կայուն միտում է դրսևորել, ինչի հետևանքով հավելյալ արտարժութային ճնշումներ են ձևավորվել՝ ստիպելով Կենտրոնական բանկին անընդհատ արտարժույթ ներարկել տնտեսություն՝ ֆինանսական հատվածի բնականոն գործունեությունն ապահովելու համար։ Այս ամենը ուղեկցվել է նաև գնաճային ճնշումներով, քանի որ արտարժույթի դեֆիցիտը ազդում է նաև ներմուծման ծավալների վրա։ Չնայած ցույց տրված որոշակի բարեփոխումներին՝ Հայաստանը միջազգային ներդրողների համար կորցրել է իր գրավչությունը:
Քանի որ ներդրումների անկում է եղել, տնտեսությունն էլ լավագույն դեպքում տեղում մի կերպ դոփել է այնքան, որ այն ժամանակ կառավարող «մտահոգ» ՀՀԿ-ն ստիպված է եղել դիմել «պետական պարտքով երկիր պահելու տարբերակին»: Ահավասիկ. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2008թ.-ին ՀՀ պետական պարտքը կազմել է 584.6 մլրդ դրամ, որից 483.7 մլրդ-ը երկրի պարտքն է եղել արտաքին աղբյուրներին, իսկ 100.9 մլրդ դրամը՝ իր քաղաքացիներին (ներքին պարտքը)։ ՀՀԿ կառավարման տասը տարիների ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելացել է շուրջ 5.6 անգամ՝ 2017թ.-ի տարեվերջին հասնելով 3 տրլն 279 մլրդ դրամի։ Ընդ որում՝ արտաքին պետական պարտքն աճել է 5.5 անգամ՝ հասնելով 2 տրլն 660 մլրդ դրամի, իսկ ներքին պարտքը՝ ավելի քան 6 անգամ՝ հասնելով 619.5 մլրդ դրամի։ Եթե 2008-ին պարտք-ՀՆԱ հարաբերությունը կազմել է 15.46%, ապա 2017-ին այդ հարաբերությունը կազմել է 60.19%՝ աճելով շուրջ 4 անգամ։
Բայց դա մտահոգող չէր, այլապես ՀՀԿ-ն անպայման կմտահոգվեր: Մտահոգիչ չեն եղել նաև աղքատության 30 տոկոսի հասնող մակարդակն ու իրական գործազրկության թերևս ավելի բարձր մակարդակը, որ փորձել են ծածկել գյուղատնտեսոթւյամբ զբաղվածների թվով: Սրանց կանդրադառնանք առաջիկայում, իսկ մինչ այդ «եթե մտահոգ ես, ընտրիր ՀՀԿ-ին», և նա անպայման հենց այսկերպ կփարատի քո բոլոր մտահոգությունները: ՀՀԿ-ն «փարատելու» շատ լուրջ փորձ ունի:
Զբաղվածություն և աշխատավարձ
ԽՍՀՄ փլուզումից ի վեր Հայաստանում գտործազրկության բարձր մակարդակը կայունորեն պահպանվում է: Չնայած 2000-ականների սկզբից սկսած տնտեսության ակտիվացմանը զուգահեռ զբաղվածությունը գնալով ավելանում էր, այդուհանդերձ՝ հատկապես մարզերում և գյուղական վայրերում, զբաղվածության խիստ ցածր մակարդակ է:
2008թ.-ին Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակը եղել է 16.4%, ինչը նշանակում է, որ տնտեսապես ակտիվ 1,414.6 հազար բնակչությունից գործազուրկ է ընդամենը 231.6 հազարը։ Բայց հարցն այն է, որ գյուղական բնակավայրերում հող ունեցողները չեն համարվում գործազուրկ։ Այսինք՝ այն գյուղացիները, ովքեր ունեն տնամերձ հողատարածք և 1-2 խոշոր եղջերավոր անասուն, որոնց արտադրանքն ամբողջությամբ ներքին սպառմանն է ուղղված, չեն համարվում գործազուրկ՝ խաթարելով իրական գործազրկության պատկերը: Հարկ է նշել, թե տնտեսապես ակտիվ բնակչության որ մասն է զբաղվում գյուղատնտեսությամբ։ Ըստ ՀՀ վիճակագրության կոմիտեի 2008թ.-ի տարեգրքի՝ տնտեսապես ակտիվ բնակչության 41%-ը՝ 488.7 հազար մարդ, զբաղված է գյուղատնտեսությունում:
Համեմատության համար նշենք, որ նույն աղբյուրից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2017թ.-ին գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 18%՝ 2008թ.-ի համեմատությամբ գրանցելով 1.6% աճ։ Ակնհայտ է, որ հաշվետու ժամանակահատվածում զբաղվածության հարցում տոկոսային առումով լուրջ հետընթաց է գրանցվել։ Մյուս կողմից՝ 13%-ով նվազել է տնտեսապես ակտիվ բնակչությունը՝ 2017թ.-ին կազմելով 1,230.7 մարդ։ Գյուղացիական տնտեսություններում զբաղվածների թիվը եղել է 317 հազար, ինչը հետևանք է ոչ միայն կառուցվածքային տեղաշարժերի, այլև մեծ է եղել հատկապես արտագաղթի ազդեցությունը։ Ստացվում է, որ Հանրապետական կուսակցության իշխանության օրոք երկրի աշխատանքային ռեսուրսները լուրջ փոփոխությունների են ենթարկվել, ինչը հիմնականում բացասական ազդեցություն է ունեցել թե՛ տնտեսապես ակտիվ բնակչության առումով, թե՛ գործազրկության մակարդակի։
Զբաղվածության պատկերի վերլուծության համար կարևոր է նաև վերլուծությունն ըստ ոլորտների, ինչը հնարավորություն կտա հասկանալ աշխատուժի ոլորտային տեղաշարժերը և հետագայում հաշվել ոլորտային ավելացված արժեքը ըստ աշխատողի (value added per worker)։ Պատկերը ներկայացնենք աղյուսակի տեսքով։
| Խոշոր ոլորտներ | 2008թ. ՛000 մարդ | 2008թ. % | 2017թ. ՛000 մարդ | 2017թ, % |
| Գյուղատնտեսություն | 493.5 | 44.1% | 317.1 | 31.3% |
| Արդյունաբերություն և էներգետիկա | 127.6 | 11.4% | 132.9 | 13.0% |
| Շինարարություն | 60.4 | 5.4% | 37.1 | 3.7% |
| Առևտուր և ծառայություններ | 436.1 | 39.1% | 524.6 | 52.0% |
Աղյուսակից պարզ է դառնում, որ 2008-2017թթ.-ների ընթացքում էական կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել երկրի աշխատաշուկայում։ Եթե 2008-ին ամենամեծ «գործատուն» եղել է գյուղը, ապա 2017-ին առաջատարը դարձել է առևտրի և ծառայությունների ոլորտը։ Գյուղատնտեսության ոլորտում ներգրավվածների թիվը նվազել է 35.7%-ով, ինչը ոչ միայն հաշվարկների մեթոդաբանության և կառուցվածքային տեղաշարժերի փոփոխության հետևանք է, այլև գյուղից բավականին մեծ արտագաղթի։
Բացասական տեղաշարժ է տեղի ունեցել շինարարության ոլորտում, ինչը արտահայտվել է ոչ միայն ոլորտում «արտադրանքի» թողարկման կրճատմամբ, այլև ներգրավված աշխատողների թվի նվազմամբ։
Աննշան դրական տեղաշարժ է գրանցվել արդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում։
Բավականին ընդլայնվել է առևտրի և ծառայությունների ոլորտը, որտեղ ներգրավված աշխատուժի թիվը աճել է 20%-ով։ Իհարկե, կարելի է ասել, որ զարգացած երկրներում հենց ծառայությունների ոլորտն է, որ առավել գրավիչ է, և այստեղ է կենտրոնացած աշխատուժի կեսից ավելին, սակայն դա վերաբերում է զարգացած երկրներին։ Եթե զարգացող երկրում աշխատուժը գյուղատնտեսությունից և շինարարությունից տեղափոխվում է մեծամասամբ առևտրի և ծառայությունների ոլորտ, ընդ որում՝ արդյունաբերության ոլորտի վրա այդ տեղաշարժը գրեթե չի ազդում, դա բացասական ազդակ է այն առումով, որ տնտեսությունում իրական և շոշափելի արդյունք ապահովող ճյուղը այլևս գրավիչ չէ, այլ կերպ ասած՝ ներդրողը ավելի հակված է ռեստորան բացել, քան արտադրության մեջ ներդրում կատարել։ Նման վարքագիծը երկարաժամկետ հատվածում երկիրն ավելի է կախման մեջ գցում ներմուծումից՝ տեղական արտադրությունը դարձնելով ավելի ոչ ձեռնտու։
Այս ամենը թվային տեսքով արտացոլելու համար հաշվենք ամեն ոլորտում մեկ աշխատողի ավելացված արժեքի չափը։ Դրա համար ուղղակի բաժանենք տվյալ ոլորտի թողարկած իրական արտադրանքի ծավալը ոլորտում ներգրավված աշխատողների թվի վրա[1]։
| 2008 | 2017 | |||
| ՀՀ դրամ | ԱՄՆ դոլար | ՀՀ դրամ | ԱՄՆ դոլար | |
| Համախառն ներքին արդյունք | 3,213,516 | 10,502 | 5,395,073 | 11,177 |
| Գյուղատնտեսություն | 1,187,563 | 3,881 | 2,602,582 | 5,392 |
| Արդյունաբերություն և էներգետիկա | 3,612,623 | 11,807 | 7,232,007 | 14,982 |
| Շինարարություն | 11,818,335 | 38,625 | 11,024,582 | 22,839 |
| Առևտուր և ծառայություններ | 3,737,324 | 12,214 | 6,300,867 | 13,053 |
Արդյունքները այլ երկրների հետ համադրելի դարձնելու և միջազգային գներով ներկայացնելու համար դրամային ցուցանիշները ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հիմք ընդունելով ՀՀ Կենտրոնական բանկի տվյալ տարվա հրապարակած կուրսը։ Աղյուսակից երևում է, որ շինարարության ճյուղում միավոր աշխատողի հաշվով ավելացված արժեքի մոտ 41% անկում է տեղի ունեցել, ինչը պայմանավորված է և՛ համախառն թողարկման ծավալի նվազմամբ, և՛ ներգրավված աշխատուժի թվի կրճատմամբ։ Առավել ընդգրկուն ճյուղը, որը առևտրի և ծառայությունների ճյուղն է, տասը տարվա մեջ միավոր աշխատողի թողարկած ավելացված արժեքի հաշվով չնչին աճ է գրանցել՝ ընդամենը 6.8%։ Չնայած դրամային արտահայտությամբ աճը մոտ 1.7 անգամ է՝ այն տեղի է ունեցել հիմնականում դրամի արժեզրկման պատճառով։ Մեկ երրորդով աճել է միավոր աշխատողի՝ գյուղատնտեսության ոլորտում ավելացված արժեքը: Արդյունաբերություն ու էներգետիկայի ճյուղում աճը կազմել է մոտ 27% հաշվետու տասը տարիների ընթացքում։ Ընդհանուր առմամբ միավոր աշխատուժի հաշվով համախառն ավելացված արժեքը աճել է 6.4%-ով։ Այս թվերը փաստում են ՀՀ մեկ միավոր աշխատուժի թողարկած ավելացված արժեքի աճի ցածր տեմպի մասին։
Նշված ժամանակահատվածում Հայաստանում միջին աշխատավարձն աճել է: Եթե 2008թ.-ին միջին անվանական աշխատավարձը կազմել է 87,406 դրամ, ապա 2017-ին այն եղել է 177,817 դրամ։ Թվերի համեմատությունից երևում է, որ աշխատավարձի կրկնապատիկ աճ է տեղի ունեցել: Սակայն ամեն ինչ այնքան էլ այդպես չէ: Անհրաժեշտ է ներկայացնել որոշակի պարզաբանումներ։ Նախ՝ խոսքը անվանական աշխատավարձի մասին է: Հասկանալու համար, թե աշխատողը ամսվա վերջին որքան գումար է «իր տուն տանում», պետք է համեմատել իրական, զուտ աշխատավարձերը բոլոր հարկերից և մասհանումներից հետո։ Այսպիսով, 2008-ին միջին իրական զուտ աշխատավարձը կազմել է 80,189 դրամ, իսկ եկամտահարկը՝ 7,217 դրամ։ Աշխատողը, բացի եկամտահարկից, ոչ մի այլ վճար չի վճարել։ 2017թ.-ին անվանական 177,817 դրամ աշխատավարձը նվազեցվել է եկամտային հարկով՝ 42,289 դրամ, պարտադիր սոցիալական վճարով՝ 4,445 դրամ, և դրոշմանիշային վճարով՝ 1,000 դրամ։ Ստացվում է, որ 2017թ.-ին աշխատողը «իր հետ տուն է տարել» 130,083 դրամ, ինչը կազմել է նրա զուտ աշխատավարձը։ Այս թիվը ցույց է տալիս զուտ անվանական աշխատավարձի մեծությունը, և որպեսզի հասկանանք՝ որքան է եղել զուտ իրական աշխատավարձը, պետք է այս թվից հանենք նաև հաշվետու ժամանակահատվածի գնաճը։ Ստացված թիվն արդեն թույլ կտա համեմատել 2008 և 2017 թվականների իրական զուտ աշխատավարձերը դրանց գնողունակության տեսանկյունից։ ՍԳԻ հաշվարկներից ստացել էինք, որ 10 տարվա գնաճը կազմել է 47.9%, 2017թ.-ի զուտ աշխատավարձը գնաճով ճշգրտելուց հետո իրական զուտ աշխատավարձը կստանանք 87,953 դրամ։ Համեմատելով այն 2008թ.-ի զուտ իրական աշխատավարձի հետ՝ ստանում ենք, որ տարբերությունն ընդամենը 7,764 դրամ է։ Սա նշանակում է, որ իրական զուտ գնողունակ աշխատավարձը միջին աշխատողի համար տասը տարիների ընթացքում ավելացել է ընդամենը 7,764 դրամով, և ոչ մի կրկնակի աճի մասին խոսք գնալ չի կարող։
Կենսամակարդակ և աղքատություն
Մակրոտնտեսական վերլուծության համար կարևոր ցուցանիշներ են նաև երկրի կենսամակարդակը և աղքատության աստիճանը։ Կենսամակարդակի ուսումնասիրության համար դիտարկենք բազային ցուցանիշներ՝ նվազագույն պարենային զամբյուղ, նվազագույն աշխատավարձ և կենսաթոշակ։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2008-ին նվազագույն պարենային զամբյուղի արժեքը կազմել է 37,364 դրամ, իսկ 2017.թ-ին՝ 56,919 դրամ։ Մյուս կողմից՝ նվազագույն զուտ աշխատավարձերը եղել են, համապատասխանաբար, 25 հազար և 55 հազար դրամ։ Սա նշանակում է, որ ՀՀԿ իշխանությունը իր կառավարման տասը տարիների ընթացքում այդպես էլ չի կարողացել հասնել այնպիսի մակարդակի, որ նվազագույն աշխատավարձ ստացողը կարողանա ապահովել իր նվազագույն պարենային զամբյուղը։ Իրավիճակն ավելի սուր է արտահայտված կենսաթոշակային տարիքում գտնվողների մոտ։ Ելնելով այն պարզ հանգամանքից, որ այս խմբի մարդկանց «զամբյուղում» մեծ է դեղորայքի բաժինը, համեմատենք ուղղակի միջին կենսաթոշակի և նվազագույն պարենային զամբյուղի արժեքները։ Այսպիսով, 2008թ.-ին միջին անվանական կենսաթոշակի չափը կազմել է 21,370 դրամ, իսկ 2017թ.-ին՝ 40,634 դրամ։ Ակնհայտ է, որ նվազագույն պարենային զամբյուղի ապահովումը այս խմբի համար անհնար է, և ամեն ամիս այս տարբերությունն ավելի է խորանում։ Այլ կերպ ասած՝ առանց զավակների և բարեկամների օգնության ՀՀԿ ղեկավարած Հայաստանում կենսաթոշակառուները դատապարտված են սովի։ Ավելորդ են նաև հաշվարկները անվանական ցուցանիշներից իրականի անցման համար, քանզի դրանից վիճակն ավելի կվատթարանա։
Ինչ վերաբերում է աղքատության մակարդակին, ապա տասը տարվա մեջ այն ավելացել է 1.8%-ով՝ 27.6%-ից հասնելով 29.4%-ի[2]։ Ընդ որում, աղքատ բնակչության կշիռը գյուղական բնակավայրերում ավելի շատ է, քան քաղաքային բնակավայրերում՝ համապատասխանաբար 30.4% և 28.8%, իսկ ծայրահեղ աղքատների կշռի դեպքում պատկերը հակառակն է՝ 2.0% քաղաքային բնակավայրերում, 1.4%՝ գյուղական։ Սա կարող է բացատրվել նրանով, որ գյուղում ինչ-որ կերպ հնարավոր է սոցիալական գյուղատնտեսությամբ զբաղվել և որոշակի ձևով ապրուստի միջոց հայթայթել, ինչը քաղաքաբնակների համար անհնար է։ Էական փոփոխության է ենթարկվել նաև Ջինի ինդեքսը՝ 2008-ին 0.339-ից 2017թ.-ին հասնելով 0.375-ի։ Սա խոսում է բնակչության շրջանում եկամուտների անհավասար բաշխման խորացման և բնակչության բևեռացման խորացման մասին։
Այս թվերն ավելի պատկերավոր հասկանալու համար նշենք, որ Հայաստանում աղքատ և ծայրահեղ աղքատ բնակչության թիվը կազմում է մոտ 932 հազար մարդ, ինչը շատ մոտ է Երևան քաղաքի բնակչությանը։ Անցած տասը տարիների ընթացքում ՀՀԿ-ական կառավարություններին ոչ միայն չի հաջողվել մեղմել աղքատության այս վտանգավոր խորությունը, այլև վիճակն ավելի է վատացել։
Ամփոփում
Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների միջոցով կատարված վերլուծությունների արդյունքում պարզ է դառնում, որ 2008-2017թթ.-ների ընթացքում Հայաստանում տնտեսական վիճակի էական դրական փոփոխություններ տեղի չեն ունեցել, իսկ բազում ցուցանիշների մասով հետընթաց է գրանցվել։ Ակնհայտ է, որ բնակչության կրճատումը էապես ազդում է տնտեսության վրա՝ կրճատելով թե՛ համախառն առաջարկի և թե՛ պահանջարկի ծավալները։ Այս տարիների ընթացքում աշխատունակ տարիքից բարձր բնակչության ավելացումը, գործազրկության մակարդակի աճը հանգեցրին նաև եկամտահարկի դրույքաչափի բարձրացմանը: Քանզի «Սերունդների համերաշխության» սկզբունքով աշխատող տարիքային կենսաթոշակային ծրագիրն այլևս չէր համապատասխանում Հայաստանի բնակչության բաշխվածությանը, կառավարությունը ներդրեց «Կուտակային կենսաթոշակի» ծրագիրը, որով յուրաքանչյուր քաղաքացի իր համար է թոշակ «հավաքում»։ Այս համակարգը ներդրվեց եկամտահարկի բարձրացմանը զուգահեռ, ինչը էլ ավելի ազդեց իրական եկամուտների չափի նվազման վրա։
Տասը տարիների ընթացքում իրական ՀՆԱ-ի ծավալը, հաշվարկած հաշվետու ժամանակահատվածի սկզբնական գներով, աճել է 17.5%-ով, իսկ տարեկան կուտակային աճի տեմպը (CAGR) կազմել է ընդամենը 1.62%։ Գնաճը նշված ժամանակահատվածի վերջում սկզբի համեմատությամբ ավելացել է 1.5 անգամ: Այն փոշիացրել է ավելացող անվանական աշխատավարձն ու թոշակը, իսկ նվազագույն աշխատավարձով ապրող մարդն այդպես էլ չի կարողացել բավարարել նվազագույն պարենային զամբյուղի նկատմամբ պահանջարկը։ Երկրում տասը տարիների ընթացքում խորացել են եկամուտների անհավասար բաշխումն ու բնակչության բևեռացումը։ Իրական, զուտ աշխատավարձն այդ տարիների ընթացքում ավելացել է ընդամենը 9.7%-ով, որի տարեկան կուտակային աճի տեմպը կազմել է 0.93%։
Այդ ամենին զուգահեռ պետական պարտքն աճել է 5.6 անգամ։ Հայաստանի մեկ բնակչի հաշվով պետական պարտքի բեռը 2008թ.-ի 180 հազար դրամից 2017թ.-ին հասել է 1 մլն 98 հազար դրամի։ Սա այն պարագայում, երբ երկրում ավելացել են աղքատության մակարդակը, արտագաղթը, գործազրկությունը, կրճատվել են օտարերկրյա ուղղակի ներդրումները և արտասահմանից ուղարկվող տրանսֆերտները։
Այն հայտարարություններին, որ ՀՀԿ իշխանության ժամանակ երկիրը տնտեսական առաջընթաց է ունեցել, որ Հայաստանի քաղաքացու կենսամակարդակը բարելավվել է, որ երկրում վաղվա օրվա նկատմամբ հույսը չի մարել, անհրաժեշտ է հակադարձել ընդամենը իրենց իսկ հրապարակած պաշտոնական վիճակագրությունը։ Սույն վերլուծության մեջ ներկայացվածն իրականում տնտեսության երևացող փոքրիկ մասն է՝ այն, ինչ հնարավոր է չափել, հաշվել և փաստել։ Հայաստանցու գլխիկոր ու հուսահատ հայացքը չափելու միավոր դեռ չկա, և չափման մեթոդաբանություն դեռևս մշակված չէ։
[1] Համաշխարհային բանկը այս ցուցանիշը հաշվել է 2010թ.-ի հաստատուն գներով
[2] Վերջին հասանելի տվյալը 2016թ.-ինն է








































