Ուկրաինացի գիտնականները, գրողները, արվեստի գործիչները, բժիշկները, իրավաբանները, մանկավարժներն ու լրագրողները բաց նամակով դիմել են համաքաղաքացիներին՝ իրենց զորակցությունը հայտնելով Կիևի ցուցարարներին: Այս մասին փոխանցում է BBC-ն:
Նամակը ստորագրածները, որոնց թվում են հայտնի գրող Սերգեյ Ժադանը, իրավապաշտպան Եվգենի Զախարովը և այլք, իշխանություններից պահանջում են անհապաղ Կիևից դուրս բերել ՆԳՆ հատուկ ստորաբաժանումները և ներքին զորքերի զինվորներին, դադարեցնել բողոքի ակցիաների մասնակիցների դեմ քրեական հետապնդումները, չեղյալ հայտարարել հունվարի 16-ին ընդունված օրենքները, որից հետո ընդդիմության հետ նստել բանակցային սեղանի շուրջ:
Նամակի հեղինակներն առանձնահատուկ ընդգծում են, որ համակրանք չեն տածում աջ արմատական կազմակերպությունների հանդեպ:
«Մենք չենք կարծում, որ Մոլոտովյան կոկտեյլներ կամ քարեր նետելը կարող են արժեքների պաշտպանության գործիք լինել: Չնայած դրան՝ մենք զորակցություն են հայտնում նրանց, ովքեր այսօր ստիպված են կիրառել այդ գործիքները»,- ասվում է նամակում:










































