Միջազգային հանրությունը պետք է մշակի նորմեր, որոնք կսահմանափակեն լրտեսումը՝ կարծում է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
«Մենք պետք է համագործակցենք՝ լրտեսումը սահմանափակելու համար խելամիտ միջազգային նորմերի համաձայնեցման նպատակով: Ոչ ոք չպետք է ցանցահենային հարձակումներ իրականացնի կենսական կարևորություն ունեցող ենթակառուցվածքի վրա, ինչպիսիք են հիվանդանոցներն ու էլեկտրակայանները: Դա կարող է ճանաչվել միջազգային իրավունքով»,- ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ ասել է Սնոուդենը:
Նրա խոսքով՝ ազգային օրենքները չեն լուծի լրտեսման խնդիրը: Բուրունդիում գործող արգելքը չի կանգնեցնի Գրենլանդիայի լրտեսներին՝ օրինակ է բերել նա:
2013-ի հունիսից ի վեր համացանցային օգտատերերի հետ առաջին շփման ժամանակ, որը ծրագրված 1 ժամից տևել է 2 ժամ, Սնոուդենը հասցրել է պատախանել13 հարցի: Ցանկացողներն իրենց հարցերն ուղարկել են Twitter-ի միջոցով՝ #AskSnowden հեշթեգի կիրառմամբ: Պատասխանները հայտնվել են Սնոուդենի աջակցման պաշտոնական կայքում:
Էդվարդ Սնոուդենը, ով ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում, հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ իր կյանքը սպառնալիքի տակ է, սակայն չի հաջողվի իրեն ահաբեկել:
Իր վերադարձը հայրենիք նա անվանել է ցանկալի, սակայն անհնարին՝ հաշվի առնելով երկրի օրենսդրությունը: Նա ընդգծել է, որ իր երկրում չի կարող արդար դատ ակնկալել:










































