«Առաջին լրատվական»- ի հետ շարունակվում է քննարկումների շարքը, որոնց մասնակցում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերի ներկայացուցիչներ: Այսօրվա քննարկմանը մասնակցեցին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը, «Քաղաքացու որոշում» սոցիալ – դեմոկրատական կուսակցության անդամ Գոռ Հակոբյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը:
Անդրադառնալով հարցին, թե նոր Ընտրական օրենսգրքի տապալումը բեկումնայի՞ն փոփոխություն է մտցրել ներքաղաքական մթնոլորտում, Հայկ Մամիջանյանը նշեց. «Մի բան հստակ էր՝ հնարավոր չէ գնալ ընտրությունների, երբ որ խաղի կանոնները փոխվում են 40 րոպե առաջ: Հնարավոր չէ նույն քարտերով սկսել խաղալ «դուրակ», կեսից հասկանալ, որ «բլոտ» ես խաղում: Թեև մեր ընդդիմախոսները հաճախ կրկնում են, որ գործող Ընտրական օրենսգիրքը մեզ համար ավելի հարմար է, սակայն բացարձակ այդպես չէ: Երկար կարելի է բանավիճել՝ ռեյտինգային ընտարակարգն է ավելի լավ տարբերակ, թե համամասնականը, բայց փաստացի մի բան հստակ է՝ խաղի կանոնները չեն փոխում խաղի կեսից»:
Գոռ Հակոբյանը հակադարձեց՝ նշելով, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը կարևոր էր, որպեսզի փոփոխվի քաղաքական դաշտը և Նոր Հայաստանում ստեղծվի նոր իրավիճակ. «Քանի որ նորաստեղծ կուսակցություն ենք, ռեյտինգային համակարգը դժվարություններ է առաջացնում: Ապագա Հայաստանի համար ռեյտինգային ընտրակարգը լավ հիմք չէ»:
«Ընտրողը պետք է հանգիստ լինի, որ կապիտալիզացվելու է հեղափոխությունը: Բայց ընտորղը պետք է անհանգստանա այն մասին, թե ով է լինելու երկրորդ ուժը, որ փոխզսպելու է իշխանությանը»,- նշեց Ա. Սամսոնյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:










































