Ռուսական Championat.com կայքի թղթակիցը զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծնողների՝ Սերգեյի ու Աիդայի հետ:
«Երբ 90-ականներին բնակվում էինք Ռուսաստանում՝ Ռուստովում և Մոսկվայում, ձմռանը 20 աստճան ցրտի պայմաններում ես Յուրային ու նրա ավագ եղբորը՝ Մովսեսին, արթնացնում էի և ասում. «Գնում ենք մարզման»: Ես նրանց խիստ եմ դաստիարակել, պահանջկոտ եմ եղել: Դա շարունակվեց նաև ԱՄՆ-ում: Յուրան ենթարկվում էր, քանի որ գլխավոր նպատակը ֆուտբոլիստ դառնալն էր: Նա տանը քնում էր գնդակով:
Հաճախ ենք քննարկում տարբեր թեմաներ: Ես նրա ամենամեծ քննադատն եմ: Ամեն խաղից հետո երկար հեռախոսազրույց եմ ունենում Յուրայի հետ: Ես անընդհատ նրան եմ ներկայացնում գործած սխալները: Նույնիսկ եթե նա 3 գոլ է խփել, միևնույնն է, կասեմ, որ լավ չի խաղացել, եթե դա այդպես է եղել: «Շնորհակալություն գոլերի համար, բայց լավ չես խաղացել»:
Ցանկանում եմ ավելին տեսնել: Ես նման բնավորություն ունեմ: Հնարավոր է՝ սխալ է, բայց դա իմ բնավորությունն է: Ես մասնագետ չեմ, բայց անընդհատ հետևում էի, որ նա կատարելագործվի՝ աշխատի երկու ոտքերով, գլխով, վերահսկի գնդակը, կատարելագործվի ֆիզիկապես»:
Հայրն անմոռանալի հիշողություններ ունի կապված Յուրայի՝ «Սպարտակ»-ի կազմում մեկնարկային խաղի հետ («Թերեք»-ի դեմ, երբ Յուրան դարձավ հեթ-տրիկի հեղինակ):
«Ես նստած էի «Սպարտակ»-ի երկրպագուների կողքին, որոնք մոտ 30 տարի երկրպագում էին ակումբին: Կարծում էի՝ սկզբից ոչ ոքի հետ չեմ շփվի: Առաջին խաղն էր, և հանկարծ նա վատ խաղար… կճանաչեն, կդժգոհեն:
Առաջին իսկ գոլից հետո ինձ հարցնում են. «Դու նրա հա՞յրն ես: Շնորհավորում ենք: Մեր Յուրային նույնպես կշնորհավորես մեր կողմից»:
Հետո նա խփեց 2-րդը, իսկ հեթ-տրիկից հետո մոտ 15 երկրպագու «հարձակվեցին» ինձ վրա: Նրանք փոքր-ինչ հարբած էին և ուրախանում էին նման կերպ»:
Եթե «Բարսելոնա»-ից առաջարկ լինի, չեմ կասկածում, որ նա նույնիսկ այդտեղ հաջողության կհասնի: Նա պատրաստ է խաղալ յուրաքանչյուր թիմում: Դժվար կլինի միայն առաջին 2-3 ամիսը: Ես միշտ նրան ասում էի. «Դու նույնպիսի մարդ ես, ինչպես Մեսսին, Ռոնալդուն: Նրանք էլ ունեն երկուական ձեռք, ոտք… ընդամենը պետք է հավատաս ուժերիդ»:
«Անկեղծ ասած ես նախկինում չէի սիրում ֆուտբոլ, բայց հիմա մենք բոլորս երկրպագուներ ենք, նաև նրա տատիկը: Ես նույնպես հիշում եմ «Թերեք»-ի դեմ խաղը: Ընդմիջմանը գնացի զուգարան, որտեղ հերթ էր: Երկու աղջիկներ հարցրին. «Դուք Յուրայի մա՞յրն եք»: Ես պատասխանեցի՝ այո, և հարցրի. «Ինչպե՞ս հասկացաք»: Նրանք պատասխանեցին, որ արտաքնապես նմանություն կա և շնորհակալություն հայտնեցին Յուրայի խաղի համար»,- նշել է Յուրայի մայրը:






































