Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Թրամփը թքած ունի բոլորի վրա․ Բաքուն կարող է որոշ զինատեսակներ գնել Միացյալ Նահանգներից

Հայկական մեդիադաշտում շարունակում են ակտիվորեն քննարկվել ԱՄՆ նախագահ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը մեր տարածաշրջան և Բաքվում ու Երևանում նրա կողմից արված հայտարարությունները։ Թրամփի խորհրդականի կողմից բարձրացված առանցքային հարցերից մեկը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկու կողմերին՝ Ադրբեջանին և Հայաստանին ամերիկյան զենք վաճառելու հնարավորությանը։ Երևանում՝ ԱՄՆ դեսպանատանը կայացած ասուլիսի ժամանակ, լրագրողներից մեկը հարցրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտնի 907-րդ բանաձևը շրջանցելու, Ադրբեջանին սպառազինություն վաճառելու և դրա հետևանքների մասին։ Բոլթոնը պատասխանեց, թե առայժմ այս հարցի առնչությամբ Վաշինգտոնում որոշում չի կայացվել, բայց ավելացրեց, թե Հայաստանն ու Ադրբեջանը իրենց զենքի մոտ 80 տոկոսը ձեռք են բերում Ռուսաստանից, մինչդեռ ամերիկյան զենքը, իր կարծիքով, բոլոր առումով ռուսականից լավն է։ Այս ամենի մասին՝ հերթականությամբ։ Նախ, անդրադառնանք այս խնդրի նախապատմությանն ու ընդհանուր համատեքստին։

907-րդ բանաձևն ու դրա շրջանցումը նախագահների կողմից

907-րդ բանաձևը, որի մասին հիշատակեց հայկական հեռուստաընկերության լրագրողը, ամերիկյան Սենատի կողմից ընդունվել է 1992 թվականին՝ «Ազատության Աջակցության Ակտ» (Freedom Support Act) օրինագծի շրջանակներում։ Այս օրենքով նախատեսվում էր օժանդակել ԽՍՀՄ կազմից դուրս եկած Ռուսաստանին և նորանկախ մյուս պետություններին՝ ստեղծելու ժողովրդավարական կառավարման մոդել և ազատական տնտեսություն։ Հենց այս օրենքի ընդունման ժամանակ ԱՄՆ-ի հայ համայնքի և հայամետ լոբբիստների ակտիվ աշխատանքի շնորհիվ նախաձեռնվեց «Ազատության Աջակցության Ակտ»-ի տեքստում 907-րդ բանաձևի (հոդվածի) ներառումը, որով արգելվեց ամերիկյան կառավարությանը որևէ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի որ պաշտոնական Բաքուն շրջափակման մեջ է պահում Հայաստանը։ 907-րդ բանաձևի նախաձեռնողը դեմոկրատ կոնգրեսական, հետագայում ԱՄՆ Պետքարտուղար դարձած Ջոն Քերրին էր, իսկ դրա ընդունմանը կողմ էին քվեարկել այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են սենատոր Ջոն Մաքքեյնը և հետագայում ԱՄՆ փոխնախագահներ դարձած Ջո Բայդենը և Ալբերտ Գորը։ Բայց իրավիճակը փոխվեց 2001 թ․ սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի երկնաքերերի վրա կատարված ահաբեկչական հարձակումից հետո։ Նախագահ Ջորջ Բուշ կրտսերը ԱՄՆ անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգի հիմքով դիմեց Սենատին՝ խնդրելով հնարավորություն տալ յուրաքանչյուր բյուջետային տարի շրջանցելու 907-րդ բանաձևը և օժանդակել Ադրբեջանին՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։ Եվ դրանից ի վեր ամերիկյան կառավարությունը 9 անգամ շրջանցել է 907-րդ բանաձևը և ֆինանսական ու ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին՝ պայմանով, որ այդ օգնությունը չօգտագործվի Հայաստանի դեմ։ ԱՄՆ-ի դեմոկրատ նախագահ Բարաք Օբաման մեկ անգամ է Սենատի թույլտվությամբ շրջանցել այս բանաձևը՝ թերևս իներցիայի ուժով։ Այժմ ԱՄՆ հաջորդ նախագահը՝ իր խիստ պրակտիկ հայացքներով հայտնի և թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ գործարարի, կարելի է ասել՝ առևտրականի մոտեցումներով առաջնորդվող Դոնալդ Թրամփը և իր «պրագմատիկ» թիմակիցները ուղիներ են փնտրում 907-րդ բանաձևը շրջանցելու և նավթագազային ռեսուրսներով հարուստ Ադրբեջանին զենք վաճառելու և պարզապես փող աշխատելու համար։ Ջոն Բոլթոնը Թրամփի այս մտադրության մասին խոսել է Երևանում տեղի ունեցած մասնավոր հանդիպումների ժամանակ։

Մերն ավելի լավն է, քան ռուսականը

Հայաստանում ամերիկյան դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը հարցրել է Բոլթոնին, թե Թրամփի վարչակազմը պատրաստվո՞ւմ է արդյոք զենք վաճառել Ադրբեջանին և վաճառելու դեպքում հնարավո՞ր է, որ ամերիկյան կառավարությունը պահպանի «պարիտետը» և «ոչ այնքան մեծ գումարներով» ԱՄՆ-ից զենք գնելու հնարավորություն տա նաև Հայաստանին։ Եվ ամենակարևորը՝ Թրամփի կողմից 907-րդ բանաձևը շրջանցելը վնաս չի՞ հասցնի Հայաստանին։ Բոլթոնը պատասխանել է, թե առայժմ այս հարցի կապակցությամբ որոշում չկա, բայց պարզ է, որ Հայաստանի և Ադրբեջանի սպառազինության մոտ 80 տոկոսը մատակարարվում է Ռուսաստանի կողմից։ Բոլթոնն ընդգծել է, որ այս հանգամանքը չի նպաստում հակամարտության կարգավորմանը, քանի որ դա ազդեցության մեծ լծակ է տալիս Ռուսաստանին հակամարտող կողմերի նկատմամբ և չի բերում խաղաղության, բայց միաժամանակ առիթը բաց չի թողել ամերիկյան զենքը գովազդելու՝ ասելով․ «Մենք ամերիկացիներ ենք, մենք հավատում ենք մրցակցությանը՝ որպես բարելավման շարժիչ ուժ, և մեր զենքն ու զինամթերքը ցանկացած պարագայում ավելի լավն է, քան ռուսականը։ Ուստի կարծում եմ, որ սա պետք է հաշվի առնենք, դիտարկենք մեր օրենքների շրջանակում»։

Նույն օրը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցի ընթացքում, ի պատասխան հարցին, թե անվտանգության առումով Հարավային Կովկասի երկրները ի՞նչ այլընտրանք ունեն Ռուսաստանին, Բոլթոնն ասել է, թե այլընտրանքներ շատ կան, այդ թվում՝ զենքի վաճառքի բնագավառում։ Նա հիշեցրել է, որ կան Կոնգրեսի կողմից հաստատված սահմանափակումներ՝ կապված Ադրբեջանին և Հայաստանին զենքի վաճառքի արգելքի հետ, բայց իր խոսքերով՝ կան նաև բացառություններ։

«Եվ ինչպես ասացի վարչապետին՝ եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը»,- ավելացրել է Բոլթոնը։

https://gdb.rferl.org/FA199407-378E-44D6-9B8F-81A565A6C119_cx0_cy7_cw0_w1023_r1_s.jpg

Որոշ զինատեսակներ կարող է գնել ԱՄՆ-ից

Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը համաձայն չէ Բոլթոնի գնահատականի հետ, թե ամերիկյան զենքը, զինտեխնիկան ավելի լավն է, քան ռուսականը։ Փորձագետի խոսքերով՝ ամերիկյան զենքը ոչ թե ամենալավն է, այլ ամենաթանկն է, ուստի քիչ հավանական է, որ նույն Ադրբեջանը հրաժարվի ռուսական զենքից և սկսի զենք գնել Ամերիկայից։ Բայց որոշ զինատեսակներ Ադրբեջանը, այնուամենայնիվ, կարող է գնել Միացյալ Նահանգներից։

«Կարծում եմ՝ Ադրբեջանը կարող է գնել ամերիկյան որոշ զինատեսակներ։ Համենայնդեպս, Ադրբեջանն ունի բավարար գումար ամերիկյան որոշ զինատեսակներ գնելու համար, բայց Ադրբեջանը հաշվի է առնելու, որ ամերիկյան զենքը ոչ միայն լավագույնը չէ, այլև ամենաթանկն է, ընդ որում՝ ամենաթանկն է ոչ միայն գնման ժամանակ, այլև այդ զինատեսակների հետագա սպասարկման առումով։ Ուստի կարծում եմ՝ Ադրբեջանը նախ ծանրութեթև է անելու, որքանո՞վ է ամերիկյան զենքը ռուսականից լավ, երկրորդը՝ որքանո՞վ է ավելի թանկ, երրորդը՝ ամերիկյան զենքը ի՞նչ ծախսեր է պահանջում սպասարկման ժամանակ, որքա՞ն կարժենա տեխնիկական մասնագետների պատրաստումը դրանք սպասարկելու համար։ Ուստի Բոլթոնը կարող է առաջարկել, բայց մեծ հարց է, թե Ադրբեջանը կուզենա՞ խոշոր խմբաքանակի սպառազինություն ձեռք բերել ԱՄՆ-ից։ Եվ հետո Ադրբեջանը ունի ֆինանսական որոշ խնդիրներ։ Ադրբեջանը կարող է զենք գնել Իսրայելից, Բելառուսից՝ վճարելով ավելի քիչ գումար և ձեռք բերելով ամերիկյան զենքի համանման տեսակները։ Եթե ԱՄՆ-ն անվճար զենք տրամադրեր Ադրբեջանին՝ դա ուրիշ բան, բայց Միացյալ Նահանգներն ուզում է ոչ թե նվիրել, այլ վաճառել զենքը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Եվսեևը՝ ավելացնելով, թե Բոլթոնը խեղաթյուրում է փաստերը՝ հայտարարելով, թե ամերիկյան զենքը լավագույնն է աշխարհում։

«Եթե ԱՄՆ-ն այդքան լավ զենք ունի, ապա թող նայեն, թե ինչ զենքերով են կռվում Սիրիայում։ Սիրիայում կռվում են ոչ ամերիկյան զինատեսակներով։ Դրանք մշակվում են Սիրիայում, և Ռուսաստանը մշակել է այդ զենքերը։ Այնպես որ, ամերիկյան զենքը լավագույնը չէ»,- հայտարարեց ռուսաստանցի փորձագետը։

Իրանին ու Ռուսաստանին դուր չի գա

Անդրադառնալով քաղաքական գործոններին՝ Եվսեևը կարծիք հայտնեց, թե եթե ամերիկյան զենքը հայտնվի Ադրբեջանում, դա լուրջ դժգոհություն կառաջացնի Իրանի կողմից: Երկրորդը, ամերիկյան զենքի ձեռքբերումը տարաձայնություններ կառաջացնի Բաքվի և Մոսկվայի միջև․ «Չեմ կարծում, թե դա պետք է Իլհամ Ալիևին։ Ուստի տեսականորեն նա, իհարկե, կարող է զենք գնել ԱՄՆ-ից, բայց գործնականում, կարծում եմ, առայժմ վաղ է դրա մասին խոսել»։

Ադրբեջանի համար այսօր առաջնահերթ է բալիստիկ հրթիռներ ձեռք բերելը, բայց Եվսեևի կարծիքով՝ Բաքուն այդ հրթիռները կարող է գնել Իսրայելից, և այս առումով էլ ամերիկացիների օգնության կարիքը չկա։

ԱՄՆ-ը զենքի առումով չունի բացառիկություն

Որպես օրինակ՝ Վլադիմիր Եվսեևը համեմատեց ամերիկյան «Ջավելին» և իսրայելական արտադրության «Սպայկ» հակատանկային հրթիռային համալիրները։ Առաջին տեսակից, ի դեպ, ամերիկացիները տրամադրել են Ուկրաինային։ Իսկ Ադրբեջանն օգտագործում է իսրայելական «Սպայկ» հակատանկային կառավարվող հրթիռները։ Եվսեևի գնահատմամբ՝ ամերիկյան «Ջավելինը» որակով չի գերազանցում «Սպայկին»։

«ԱՄՆ-ը չի կարող մատակարարել այնպիսի զինատեսակներ, որոնք չեն կարող վաճառել այլ խաղացողներ, ուստի ԱՄՆ-ն այս առումով չունի որևէ բացառիկություն։ Ես չեմ պատկերացնում, թե ինչ կարող է ԱՄՆ-ն առաջարկել Ադրբեջանին»,- ավելացրեց Եվսեևը։

Թրամփը թքած ունի բոլորի վրա բարձր սարի գագաթից
Կա նաև հարցի հակառակ կողմը, որն ավելի շատ բարոյական և արժեքային հարթությունում է։ Զենքի շուկայի մեկ այլ առաջատար՝ Ռուսաստանը, վերջին տարիներին մեծապես հեղինակազրկեց իրեն և մասնավորապես հայ հանրության աչքին՝ Ադրբեջանին միլիարդների արժողության զենք վաճառելու և նրան ավելի ագրեսիվ ու սանձարձակ դարձնելու պատճառով։ Այս տեսանկյունից Միացյալ Նահանգները որոշակի սկզբունքների, բարոյական նորմերի և արժեքների վրա հիմնված իր քաղաքականության շնորհիվ միշտ տարբերվել է նմանատիպ երկրներից, քանի որ, ինչպես տեսանք վերևում, ամերիկյան Սենատը հատուկ բանաձևով արգելել է երկրի կառավարությանը զենք վաճառել հակամարտող երկրներին և հատկապես Ադրբեջանին, որը շուրջ 30 տարի տնտեսական շրջափակման է ենթարկում Հայաստանին։ Եվ Թրամփն ու իր «պրագմատիկ» թիմակիցները, հանրապետական «բազեները», որոնց համար արժեքային հարցերը մեծ նշանակություն չունեն, կարծես մարտահրավեր են նետում ամերիկյան ավանդական քաղաքականությանը։

Անդրադառնալով այս հարցին՝ Վլադիմիր Եվսեևը շեշտեց՝ Թրամփի քաղաքականությունը հակասում է, նախ և առաջ, միջազգային իրավունքի նորմերին, և դա ցույց տվեց ԱՄՆ նախագահի վերջին որոշումը՝ 1987 թ․ ԽՍՀՄ-ի հետ ստորագրված կարևորագույն փաստաթղթից՝ ատոմային զենքի վերահսկման պայմանագրից դուրս գալու մասին։

«Եթե ԱՄՆ-ը կարող է դուրս գալ Միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման մասին պայմանագրից, դուրս գալ Իրանի հետ ստորագրված միջուկային համաձայնագրից, ապա ինչո՞ւ չպիտի շրջանցեն 907-րդ բանաձևը և սկսեն զենք մատակարարել Ադրբեջանին։ Թրամփի ողջ քաղաքականությունն ուղղված է միջազգային իրավունքի քայքայմանը։ Այս տեսանկյունից զենքի վաճառքն Ադրբեջանին միանգամայն հնարավոր է»։

Մեր հարցին, թե պատկերացնո՞ւմ եք արդյոք Ադրբեջանին զենք վաճառելու հետևանքները Ղարաբաղյան հակամարտության համար, Եվսեևը պատասխանեց․ «Իհարկե, պատկերացնում եմ։ Եթե ամերիկացիները ժամանակակից հրթիռային համալիրներ վաճառեն Բաքվին, այդ դեպքում Հայաստանը ստիպված կլինի վերականգնել հավասարակշռությունը, իսկ դա կարելի է անել միայն Հայաստանի կողմից ռուսական զենք գնելու միջոցով։ Փաստորեն ԱՄՆ-ը սպառազինության մրցավազք է հրահրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և շատ ծանր դրության մեջ է դնում հայկական կողմին»։

Հարցին, թե Ամերիկայի հայ համայնքը կարո՞ղ է որևէ դեր խաղալ այս հարցում, Եվսեևը պատասխանեց․ «Ես չէի գերագնահատի հայկական Սփյուռքի դերը, քանի որ Թրամփը թքած ունի բոլորի վրա բարձր սարի գագաթից։ Իր համար դա զսպող գործոն չէ։ Թրամփի նման գործունեության զսպող գործոն կարող է լինել միայն ռուս-հայկական ռազմական համագործակցությունը։ Ահա թե ով կարող է զսպել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի գոտում պատերազմի վերսկսումից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում