Քոչարյանը պետք է պատասխանատվության բերվի՝ իր իշխանության տարիներին Հայաստանի քաղաքական և հասարակական կազմալուծման, տնտեսական ու ենթակառուցվածքային հենքի օտարման, հասարակական դաշտի այլասերման գործում ավանդի համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպանորդ, ներկայումս վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատական հարցազրույցներին և մեծ քաղաքականություն վերադարձի նրա հնարավորություններին:
Նա նշեց, որ Քոչարյանի մասին արդեն շատերն են կարծիք հայտնել, և ինքը միանում է մեծամասնության կարծիքին, որ Քոչարյանը ոչ թե պետք է զբաղվի ինգնագովաբանությամբ, այլ բերվի պատասխանատվության՝ իր իշխանության տարիներին Հայաստանի քաղաքական ու հասարակական կազմալուծման, տնտեսական ու ենթակառուցվածքային հենքի օտարման, հասարակական դաշտի այլասերման գործում իր ավանդի համար։
Քոչարյանը, ըստ Արմեն Խարազյանի, պատասխանատվության պետք է կանչվի նաև Ղարաբաղյան բանակցային գործընթացի տապալման, և ԼՂ-ին իբրև հակամարտության կողմ այդ գործընթացից դուրսմղման համար։
«Քոչարյանի մեկնաբանություններն անհեթեթ են ու անբարոյական, ուստի նաև անհեթեթ է դրանց ռացիոնալացումն ու վերլուծումը։ Սա չի նշանակում, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունն առանձնապես տարբերվում է իր նախորդից՝ հասունությամբ, կոմպետենտությամբ կամ բարոյական հատկանիշներով։ Ամենևին։ Թե՛ Քոչարյանը, թե՛ նրանք, ում նա քննադատում է, ունեն քաղաքական նույն ծագումը, որակն ու արժեքները։ Նույնն են նաև նրանց մեթոդները, նպատակներն ու հորիզոնը։ Այնպես որ նրանց միջև որևէ բանավեճ կամ բանավեճի պատրանք հասարակական արժեք չի ներկայացնում, և մեկնաբանման արժանի չէ»,- նշեց վաշինգտոնաբնակ միջազգայնագետը՝ շարունակելով, որ ինչպես Քոչարյանն ու նրա վարչակազմի առաջատար անդամները, այնպես էլ Հայաստանի այսօրվա ղեկավարությունը վաղ թե ուշ պատասխան են տալու երրորդ հանրապետության անփառունակ թալանի ու կործանման համար։
Եզրափակելով՝ Ա.Խարազյանն ասաց. «Աշխարհում դեռևս ոչ մի՝ իր երկրի շահերն այդպես լկտիաբար ոտնահարած պատասխանատու անձ իրեն հասանելիք արդարությունից չի խուսափել։ Եվ այստեղ էլ բացառություն չի լինելու»։











































