ԵԱՀԿ կայքի փոխանցմամբ` ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աջուբալիսը մեկնաբանել է Կազանում կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքները.
«Ես ողջունում եմ մի շարք խնդիրների շուրջ համաձայնեցման կայացումը, որոնց լուծումը կնպաստի հիմնարար սկզբունքների հաստատման համար պայմանների ստեղծմանը: Ես հուսով եմ, որ մնացյալ խնդիրների լուծման վրա տարվող աշխատանքները կշարունակվեն` հակամարտության կարգավորման ուղու հարթման համար:
ԵԱՀԿ-ն աջակցում է Հարավային Կովկասում հակամարտության ու անկայունության վերջ տրմանն ուղղված բոլոր ջանքերին` լինի դա եռակողմ ձևաչափով, թե Մինսկի խմբի հովանու ներքո»:
Իր ամփոփիչ խոսքում Աջուբալիսը կողմերին կոչ է արել ամրագրել զինադադարի ռեժիմը. «Ես երկու երկրների ղեկավարներին կոչ եմ անում հետևել այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Աստրախանում ու Սոչիում կայացած հանդիպումների ընթացքում, ինչպես նաև հետաքննել շփման գծում գրանցվելիք հնարավոր միջադեպերը և զերծ մնալ ուժի կիրառման սպառնալիքներից»:








































