Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ սկսվել և ավարտվել է Յուրիկ Թամազյանի գործի դատավարությունը:
2013 թվականի սեպտեմբերի լույս 3-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում 73-ամյա Յուրիկ Թամազյանը Վանաձորի իր բնակարանում կացնի բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը և հարսին՝ որդու կնոջը: Վերջինիս հաջողվել է փախչել, օգնություն կանչել:
Տուժած կանանց պատճառվել են կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Նրանց կյանքը հաջողվել է փրկել:
Նույն օրը Յուրի Թամազյանը հայտնաբերվել է Վանաձորի Աղայան փողոցում՝ նախաբազուկների կտրած վերքերով: Նա հայտնել է, թե ցանկացել է իր կյանքին վերջ տալ:
Նախաքննության ընթացքում Յուրիկ Թամազյանը դրսևորել է տարօրինակ վարքագիծ, հայտնել է թե հարազատներն իր նկատմամբ կատարել են «ցեղասպանություն»:
Թամազյանի հարազատները հայտնել են, թե վերջին երեք տարիներին նա կտրուկ փոխվել է, իրեն տարօրինակ է պահել, դարձել է ջղագրգիռ, վեճեր է սարքել, տանը ծիծաղ լսելով՝ կռիվ է արել, պատճառաբանել, թե իր վրա են ծիծաղում, ճաշել է բոլորից հետո՝ պնդելով, թե իրեն ուզում են թունավորել:
Հարազատները նշել են, որ Յուրիկի երկու քույրերը տառապել են հոգեկան հիվանդությամբ ու մահացել Սևանի հոգեբուժարանում:
Յուրիկ Թամազյանի նկատմամբ անցկացվել է դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացությամբ հաստատվել է, որ նա տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ, հանցավոր արարքները նա կատարել է հիվանդագին խանգարված վիճակում, զառանցական ապրումների ազդեցության տակ: Թամազյանը ճանաչվել է անմեղսունակ:
Վերացվել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, և նա տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա:
Ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Թամազյանն ասել է, թե ընտանիքի անդամներն ու բարեկամներն իր նկատմամբ «ցեղասպանություն» են կատարել, մասնավորապես՝ 1965 թվականին սպանել են իր նորածին երեխային: Նա ասել է, թե ցանկացել է վնասել միայն կնոջը, իսկ հարսին հարվածներ է հասցրել, որ իրեն չխանգարի:
Ըստ տուժողների՝ Յուրիկ Թամազյանը հակագազը հագին, կացինը ձեռքին հարձակվել ու կացնով հարվածներ է հասցնել նախ հարսին, ապա կնոջը…
Ընդհանուր իրավասության դատարանը Յուրիկ Թամազյանին ազատել է քրեական պատասխանատվությունից ու պատժից, նրա նկատմամբ կիրառել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ՝ հարկադիր բուժում՝ հատուկ տիպի հոգեբուժական հիվանդանոցում:











































