Հյուսիսային Կորեայի իշխանությունները քննադատել են ԱՄՆ-ին՝ Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժանքներ անցկացնելու մտադրության համար: Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը:
Ավելի վաղ Հայրենիքի խաղաղ միավորման հյուսիսկորեական կոմիտեն պահանջել էր, որ Հարավային Կորեան և ԱՄՆ-ը չեղյալ հայտարարեին համատեղ զորավարժանքները, որոնք պետք է սկսվեն փետրվարի վերջին և տևեն մինչև ապրիլ:
Հայտարարության մեջ կոմիտեն լայնածավալ զորավարժանքները համեմատել է «լայնամասշտաբ միջուկային պատերազմ հայտարարելու» հետ և կոչ է արել չեղյալ հայտարարել դրանք՝ ընդգծելով, որ ամեն տարի իրականացվող զորավարժանքները խոչընդոտում են միջկորեական կապերի ամրապնդմանը:
Ավելի ուշ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ասել է, որ չնայած Հյուսիսային Կորեայի հայտարարությանը՝ զորավարժանքները կանցկացվեն նախկինում հաստատված ժամանակացույցով:
Փխենյանը Վաշինգտոնին կոչ է արել «ճիշտ ընտրություն կատարել» և ԱՄՆ-ին նախազգուշացրել է«ինքնապաշտպանական նպատակով պատասխան խիստ միջոցառումների մասին»:
«Եթե ԱՄՆ-ը «միջուկային պատերազմ» է տանում, մենք չենք կարող ինքնապաշտպանական նպատակով ավելի դաժան միջոցներ չձեռնարկել, որպեսզի պաշտպանենք մեր ինքնիշխանությունն ու մեր ժողովրդի արժանապատվությունը»,- մեջբերում է գործակալությունը հյուսիսկորեական իշխանությունների հայտարարությունը:
«Key Resolve և Foal Eagle զորավարժանքները կանցկացվեն ժամանակացույցի համաձայն: Հարավային Կորեան ժողովրդավարական երկիր է, այդ պատճառով մենք չենք զբաղվում նախազգուշացնող հարվածներ հասցնելով»,- հայտարարել է հարավկորեական ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Կիմ Մին Սոկը:










































