Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթրյանը հարցազրույց է տվել գերմանական Ruhrnachrichten պարբերականին՝ մասնավորապես նշելով հետևյալը.
«Ցանկանում եմ «Բորուսիա»-ում ցուցադրել այն խաղը, որին ունակ եմ: Պետք է խոստովանեմ, որ կես տարի առաջ բոլորովին այլ սպասելիքներ ունեի: Դեռ չեմ հասել այն արդյունքին, որին ձգտում եմ: Դեռ ամռանն էի կարծում, որ Բունդեսլիգան աշխարհի ուժեղագույն առաջնություններից մեկն է: Այդ առումով ոչինչ չի փոխվել: Հետաքրքիր է խաղալ Գերմանիայում:
Այստեղ հաղթանակները մեծ դժվարությամբ են տրվում: Մրցաշրջանի մեկնարկային հատվածում վնասվածք էի ստացել: Ապաքինվելուց հետո ցանկանում էի շատ արագ վերադառնալ լավագույն մարզավիճակիս: Երբեմն խաղում էի՝ անտեսելով ցավը: Նման սխալ այլևս չեմ գործի: Եզրափակիչ հարված, փոխանցումներ… կարծում եմ՝ պետք է բոլոր առումներով բարելավեմ խաղս:
Ես խաղում եմ այն դիրքում, որտեղ ցանկանում է մարզիչը: Մարզչի նախընտրած դիրքը չի նշանակում, որ 90 րոպե պետք է խաղալ հենց այդտեղ: Մենք անընդհատ տեղափոխություններ ենք կատարում:
Յուրգեն Կլոպը հաճախակի է խոսում ինձ հետ: Վերջին անգամ 4 օր առաջ հավաքի ընթացքում մենք երկար զրույց ունեցանք: Նա ինձ կրկին ասաց, որ պետք է ազատվեմ ճնշումից, որը գործադրում եմ ինքս ինձ վրա: Իհարկե, վճարած խոշոր գումարը պատճառներից մեկն է: Բայց ես պետք է մոռանամ դա: Ժամանակն է ցուցադրել խաղային որակներս»,- հայտարարել է Մխիթարյանը:









































