«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն է։
–Պարոն Մարտիրոսյան, Ազգային ժողովն առաջին փուլով չընտրեց Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում։ Ձեր կարծիքով, երկրորդ փուլում ի՞նչ զարգացումներ են հնարավոր։
-Որևէ մեկը չի կարող ասել: Բայց, ամենայն հավանականությամբ, այս անգամ էլ չեն ընտրի և ամեն բան կընթանա այնպես՝ ինչպես գործադիր իշխանությունն է պլանավորել: Իհարկե, նոր դավադրությունը որևէ մեկը չի բացառում, բայց դրա շանսերն այլևս շատ նվազ են:
–ՀՀԿ-ն տապալեց Ընտրական օրենսգրքի ընդունումը, չի բացառում, որ նույն փորձն անեն նաև երկուշաբթի մեկնարկելիք արտահերթ նիստում։ Ընտրական օրենսգրքի ընդունումը վարչապետ Փաշինյանի գլխավոր խոստումներից էր, և դրված է կառավարության ծրագրում։ Արդյո՞ք ՀՀԿ-ին և մյուս հակահեղափոխական ուժերին կհաջողվի տապալել օրենսգրքի ընդունումը։
-Եթե կարծում են և հաշվարկել են, որ նոր ընտրական օրենսգիրքն իրենց շահերին հակառակ է՝ կարող են և կրկին տապալել: Բայց արդեն գործադիրում հայտարարել են, որ ունեն ձայների անհրաժեշտ քանակություն: Տեսնենք: Սրանք ընդհանրապես բոլորն անկանխատեսելի գործընթացներ են և հստակ կռահումներ անել չի կարելի:
–Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նկատել է, թե Հայաստանում հեղափոխություն տեղի է ունեցել, սակայն իշխանափոխություն դեռևս տեղի չի ունեցել, համենայնդեպս, ամբողջական իշխանափոխություն: Ի՞նչ է ակնարկում վարչապետը։
-Կան տարբեր մոտեցումներ և սա նույնպես մոտեցում է, ընդ որում՝ ճշմարտության մեծ տոկոսով: Հեղափոխությունը համակարգային երևույթ է: Վարչապետի պաշտոնակատարն, ամենայն հավանականությամբ, նկատի ունի, որ հասարակական մտածողություն և քաղաքական իրականություն է փոխվել, բայց օրենսդիրը և դատական իշխանությունները մնացել են նույնը: Դա միանշանակ ճիշտ դիտարկում է: Իհարկե ինձ համար հեղափոխությունն առավել լայն և սեփական կանոններն ունեցող երևույթ է, բայց եթե քաղաքական հայտարարություն է արվում, ապա այդ համատեքստում այո՛, վարչապետի պաշտոնակատարը միանգամայն իրավացի է:
–Ի՞նչ պետք է անի կառավարությունը՝ առաջիկա ընտրություններում հաջողելու համար։
-Այլևս չնշանակի պաշտոնների կասկածելի կենսագրություն ունեցող անձանց և խոստանա լուրջ, այդ թվում և կադրային փոփոխություններ կատարել: Բայց ամենակարևորը երկրի զարգացման և քաղաքական-գաղափարախոսական տեսլականների հրապարակումն է: Ընտրողներն, անշուշտ, քվեարկելու են Փաշինյանի կուսակցության օգտին, բայց դա, ԱԺ սպասվող լուծարումից հետո, չպետք է այլևս լինի քվեարկություն հօգուտ անձի, այլ՝ նաև՝ նրա արժեքային համակարգի, որ գաղափարական հստակ և ճանաչելի ձևակերպումներ պետք է ունենա: Այդպիսի ընտրություն, իհարկե այս անգամ չի հաջողվի կատարել, բայց նման հենք ներկայացնելն անհրաժեշտություն է: Սրանից հետո՝ հավանաբար հինգ տարի անց տեղի ունենալիք ընտրություններում արդեն ամենահիմնական գործոնը հենց դա պետք է լինի: Իսկ հիմքերն անհրաժեշտ է այսօր դնել, եթե չենք ուզում լայնամասշտաբ հնարավոր գաղափարական հիասթափությունների հեռանկարի առջև կանգնել:










































