Իրանը գնահատում է տարածաշրջանի երկրների մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Այս մասին Trend գործակալությանը հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակայինը:
Մեկնաբանելով Իրանի ու Թուրքիայի հնարավոր համագործակցությունը հակամարտության լուծման մեջ կողմերին օգնելու հարցում՝ դեսպանը նշել է, որ այն կարող է լուծվել տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ:
Խոսելով ադրբեջանա-իրանական հարաբերությունների մասին՝ դեսպանը նշել է, որ երկու երկրների միջև առկա են ուժեղ կրոնական և մշակութային կապեր, որոնք հիմնական գործոն են երկկողմ հարաբերությունների ակտիվացման գործում:
«Տեսակետներում որոշակի տարբերություններ կան, սակայն դրանք չեն կարող ազդել երկու երկրների խորը կապերի վրա»,- ասել է Պակայինը:
«2012 թվականին եղել են շրջաններ, երբ հարաբերություններն Ադրբեջանի ու Իրանի միջև լարված են եղել: Սակայն իրավիճակը հարթվել է 2013-ին երկու երկրների նախագահների կողմից»,- ասել է նա:
Դեսպանը նաև նշել է, որ 2013-ին ամրապնդվել են հարաբերությունները երկու երկրների խորհրդարանների միջև:









































