Մոսկվայի «Սպարտակ»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը պատմել է, թե ինչպես է 3 ամիս խաղացել ցավազրկող ներարկումներով:
«Չեմ կասկածում, որ պատրաստ կլինեմ առաջնության գարնանային հատվածի մեկնարկին: Իսկ մնացածն արդեն կախված կլինի Վալերի Կարպինից, թե նա կցանկանա արդյոք ինձ տեսնել կազմում: Ընտրությունը կատարում է գլխավոր մարզիչը: Բայց, ինչ կախված է ինձանից, կփորձեմ լիովին պատրաստ ներկայանալ հանդիպումներին:
Ցավերով խաղալը պարզապես սարսափելի է: Գրեթե 3 ամիս խաղացել եմ ցավազրկող ներարկումներով: Այլևս երբեք կյանքում այդպես չեմ անի: Երբեմն մարդիկ ինձ կատակով ասում էին, որ ցավերով ավելի լավ եմ խաղում, քանի որ գոլ էի խփում գրեթե յուրաքանչյուր մրցավեճում, որոնք անցկացնում էի այդպես: Դա վատ շրջան էր, և ուրախ եմ, որ այն արդեն անցյալում է:
Ներարկումներով խաղալն իմ անձնական որոշումն է եղել: Ես մեծ կրքով եմ վերաբերվում իմ ակումբին ու ֆուտբոլին ընդհանրապես: Եվ լավ էի հասկանում. «Սպարտակ»-ին անհրաժեշտ է, որ ես դուրս գամ խաղադաշտ ու անեմ իմ գործը: Ուստի և շարունակեցի խաղալ:
Ես այնպիսի զգացում չեմ ունեցել, թե անպայման պետք է խաղամ, ինձ ոչ ոք ոչինչ չի ստիպել և այդ առիթով ոչինչ չի ասել: Ես պարզապես զգում էի, որ պետք եմ թիմին ու դրա համար կարող եմ դուրս գալ խաղադաշտ»,- Մովսիսյանի խոսքերը մեջբերում է «Чемпионат.com»-ը:








































