Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը երեկ «լուրջ մտահոգություն» է հայտնել Եմենում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, որտեղ արդեն մի քանի ամիս է՝ չեն դադարում իշխանությունների և ընդդիմության բախումները, ինչը հանգեցրել է զենքի կիրառման և երկրում հումանիտար իրավիճակի սրման:
Փակ դռների ետևում ընդունված հայտարարության մեջ ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել Եմենի քաղաքական ուժերին երկխոսություն սկսել՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Տեղեկացնենք նաև, որ ուրբաթ օրը Եմենում նորից շարունակվել են բախումները գործող նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի կողմնակիցների և ընդդիմության միջև, որը պահանջում է նրա հրաժարականը:
Հիշեցնենք նաև, որ հունիսի 2-ին սեփական նստավայրում Սալեհի վրա իրականացվել է մահափորձ, որի հետևանքով նա վիրավորվել է և վիրահատվել հարևան Սաուդյան Արաբիայում, որտեղ և գտնվում է այս պահին:








































