2014թ. Ուկրաինայի պետբյուջեի հաստատման քվեարկության ժամանակ Գերագույն ռադայի մի քանի պատգամավորներ մարմնական վնասվածքներ են ստացել՝ հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Մասնավորապես, պատռվել է ընդդիմադիր պատգամավոր Ստեփան Կուբովի շրթունքը: Նրա օգնականների հաղորդագրության համաձայն՝ նա պաշտպանել է պատգամավոր Մարիա Իոնովին սրահում բռնկված վիճաբանության ժամանակ: Չհստակեցված տեղեկատվությամբ՝ ընդդիմադիրին հավանաբար խփել է ռեգիոնալ Եվգենի Մորոզենկոն:
Բացի այդ, ճակատի հատվածում վնասվածք է ստացել ռեգիոնալ Վլադիմիր Մալիշևը: Տարբերակներից մեկի համաձայն՝ Մալիշևը ցանկացել է քվեարկել մեկ այլ պատգամավորի փոխարեն, որից հետո ընդդիմադիրները հարվածել են նրան, իսկ ոմանք ասում են, որ Մալիշևին խփել է կուսակիցներից մեկը:
Նշենք, որ Գերագույն ռադան հաստատել է 2014թ. բյուջեն:










































