«Քանի դեռ մենք չունենք ներկուսակցական ժողովրդավարության տարրական գործընթացները, ընտրությունները միշտ լինելու են ինչ-որ անձի շուրջ։ Եվ հիմա պրոցես է ընթանում, մի կուսակցությունից դուրս են գալիս, հատկապես իշխանական կուսակցություն և փորձում մտնել մեկ այլ իշխանական կուսակցություն։ Իշխանության շուրջ ձևավորվող կուսակցությունն ուժեղ չի լինում, լինում է իշխանական կուսակցություն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Ստեփան Մարգարյանը։
Գաղափարական ընտրություններ, նրա խոսքով, ցավոք սրտի չենք ունեցել։ Ստեփան Մարգարյանը դեմ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին․«Չգիտեմ՝ ինչու դեկտեմբերին, ի՞նչն էր խանգարում, որ լիներ մայիսին, հունիսին, ես որևէ խանգարող բան չեմ տեսնում նույնիսկ գործող իշխանության տեսակետից»,-հավելեց նա։
Ըստ նրա՝ եթե ընտրությունները մի քիչ ուշ լինեին, հնարավոր է որոշակի այլընտրանքային բևեռ ձևավորվեր, որը իր մեջ կկրեր անպայման գաղափարական դրույթներ և այդ դեպքում կլինեին իդեալական ընտրություններ, իսկ դեկտեմբերի ընտրությունները հեռու են լինելու իդեալական լինելուց։










































