«Ներդրողների համար ամենակարևորը խաղի կանոնների հստակեցումն է, այսինքն՝ յուրաքանչյուր ներդրող ցանկանում է, որպեսզի ինքը տիրապետի խաղի կանոններին և որ այդ խաղի կանոններն որոշակի ժամանակահատված լինեն անփոփոխ․ այսօր մեծ թափով հետաքրքրություն կա դեպի Հայաստան և մեր առաջնային խնդիրներից մեկն այդ շահագրգռվածությունն արագ տեմպով կապիտալիզացնելն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բիզնես Արմենիայի միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը՝ խոսելով Հայաստանի նկատմամբ օտարերկրյա ներդրողների հետաքրքրության և այստեղ ներդրումներ անելու նախագծերի մասին։
Վերջինիս վստահեցմամբ՝ հետաքրքրվողների աշխարհագրությունը լայն է՝ Չինաստան, Իրան, Արաբական Էմիրություններ, ԱՄՆ, եվրոպական երկրներ։
«Ամենատարբեր ոլորտներում ներդրումներ անելու ցանկություն կա նրանց մոտ»,- ասաց Ալեքսանյանը։
«Օրինակ՝ Չինաստանը հետաքրքրված է արդյունաբերական խոշոր նախագծերով, հետևաբար մենք հիմա զբաղված ենք նաև օրենսդրական դաշտը բարելավելով, որպեսզի կարողանանք չինական այդ խոշոր ներդրումները բերել Հայաստան և միևնույն ժամանակ շատ գրագետ ձևով դա անել, քանի որ դա երկարաժամկետ ծրագիր է»,-հավելեց մեր զրուցակիցը։
Նարեկ Ալեքսանյանի խոսքերով՝ օտարերկրյա ներդրողների համար շատ կարևոր է հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը, ինչպես նաև ներքաղաքական ու տնտեսական կայունությունը։
«Մեր այսօրվա կառավարությունը հստակ հայտարարել է այն մասին, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ մեծ փոփոխություններ չեն լինելու, ինչը, միանշանակ, շատ կարևոր ազդակ էր ուղղված օտարերկրյա ներդրողներին և վերջիններիս կողմից նաև ընդունելի»,-ընդգծեց Ալեքսանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










































