Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է MI-6 հետախուզության և MI-5 կոնտրհետախուզության աշխատակիցներին թույլ տալ ծառայողական պարտականությունները կատարելիս ճանապարհներին գերազանցել արագությունը: Այս նախաձեռնության հեղինակը տրանսպորտի նախարար Ռոբերտ Գուդուիլն է, հաղորդում է ITAR-TASS-ը:
Ներկայումս Մեծ Բրիտանիայում արագությունը գերազանցելու իրավունք ունեն միայն շտապօգնության, հրշեջ ծառայության և ոստիկանության մեքենաները: Իսկ հատուկ ծառայությունների աշխատակիցները պետք է հետևեն ճանապարհատրանսպորտային բոլոր կանոններին:
Առաջիկայում Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարությունը մտադիր է հրապարակել ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների փոփոխությունները` ընդլայնելով այն կազմակերպությունների ցուցակը, որոնց աշխատակիցներին թույլ է տրվում գերազանցել արագությունը:
Բացի հատուկ ծառայությունների ավտոմեքենաներից, նման իրավունք կստանան նաև փոխպատվաստման համար օրգաններ տեղափոխող, լեռներում փրկարար ծառայություններ իրականացնող ավտոմեքենաները:








































