Դեկտեմբերի 24-ին Դիլիջանում հնչած կրակոցներից ու սպանությունից հետո երեկ պարզ դարձավ, որ Դիլիջանի ոստիկանապետ Արթուր Եգանյանը ազատվել է աշխատանքից: Սակայն նա այսօր արդեն նոր պաշտոն է ստացել: Իսկ ոստիկանության Դիլիջանի բաժինն էլ նոր պետ ունի:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ ոստիկանապետի հրամանով Դիլիջանի ոստիկանության նոր պետ է նշանակվել գնդապետ Արամ Ղազարյանը, ով մինչ այդ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալն էր: Իսկ Արթուր Եգանյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալի պաշտոնում:
Հիշեցնենք, որ Դիլիջանում հնչած կրակոցների հետևանքով մահացել էին Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի և «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ եղբոր որդիները։ Գործով նախաքննություն է ընթանում:










































